3 օրում մոտ 20 հանդիպում. պատգամավորները Եվրախորհրդարանում ներկայացրել են իրավիճակը ՀՀ սահմանին

ՔՔրիստինե Ոսկանյան

Երեք օրում՝ մոտ 20 հանդիպում. առանցքում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան և դրա հետևանքներն են եղել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արյուսակ Ջուլհակյանը Ստրասբուրգում հանդիպել են Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ:

Հայկ Կոնջորյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար) - Հորդորում էինք մեր գործընկերներին՝ հասցեական հայտարարություններով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կոնկրետ քայլեր և գործողություններ իրականացնել, բացի հայտարարություններից, բանաձևերի ընդունման տեսքով, ինչպես Եվրախորհրդարանում, այնպես էլ իրենց երկրներում:

Կոնջորյանի գնահատմամբ՝ Եվրախորհրդարանում հստակ ընկալում կա՝ Ադրբեջանն ագրեսոր է, Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարմիր գիծ:

Հայկ Կոնջորյան - Հանդիպեցինք Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևին, նորից մանրամասն ներկայացրինք Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները: Քննարկում ունեցանք նաև ժողովրդավարության զարգացման ընթացիկ ռեֆորմների վերաբերյալ: Կովաչևը նաև Հայաստանում հանդես եկավ շատ կոնկրետ և ուղիղ, հասցեական հայտարարությամբ այն մասով, որ Ադրբեջանն է ագրեսիան կիրառել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Ադրբեջանին չեն կանգնեցրել անգամ Եվրոպական միության տեխնիկական գնահատման առաքելության աշխատանքները սահմանին, այդ օրերին ևս կրակոցներ են հնչել. եվրապատգամավորներին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է իրավիճակը:

Հայկ Կոնջորյան - Մեր եվրոպացի գործընկերներին դրա մասին տեղեկացնում էինք՝ նշելով, որ Ադրբեջանը, գուցե, նաև փորձում է պրովոկացիաներ անել և դրանով խափանել այս գործընթացը, ստվեր նետել այս գործընթացի վրա:

Պատգամավորները Եվրախորհրդարանի իրենց գործընկերներին հրավիրել են Հայաստան՝ անձամբ տեսնելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները:

Հայկ Կոնջորյան - Մենք հանդիպեցինք Եվրոպառլամենտի պատգամավոր Մասիմո Կաստալդոյի հետ, նա մի քանի օրից Հայաստանում է լինելու: Այլ պատգամավորներ ևս ցանկություն հայտնել են և տարբեր օրակարգերի շրջանակում՝ Հայաստան-ԵՄ գործակցության շրջանակներում, պարբերաբար գալիս են, գալիս են նաև ծանոթանալու տեղում իրավիճակին:

Ստրասբուրգում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանն ու դրա հնարավոր խորացմանը:

Հայկ Կոնջորյանն արձանագրում է՝ ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանում հեղափոխությունից հետո ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, Հայաստանին համարում տարածաշրջանում ժողովրդավարության առաջամարտիկ:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում