Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Արշալույսի դպրոցը բնագիտական լաբորատորիա ունեցավ

ՀՀայկուշ Ասլանյան

Ծովինարը ժամերով կարող է պատմել մարդու ներքին օրգանների ու դրանց կառուցվածքի մասին: Արշալույսցի դպրոցականը ուսումնական պրակտիկ գիտելիքները ձեռք է բերել իրենց դպրոցի բնագիտական լաբորատորիայում, որը կրթօջախին են նվիրել Ճապոնիայի դեսպանատունն ու «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամը:

Մինչև լաբորատորիա ունենալը ֆիզիկամաթեմատիկական ու բնագիտական առարկաների գործնական պարապմունքները կազմակերպում էին տեսանյութերի միջոցով: Իսկ շոշափելի միջավայր ունենալուց հետո, երբ տեսականը գործնականով ամրապնդելու հնարավորություն ունեցան, որակական տարբերություն զգացին:

Լարիսա Հովհաննիսյան («Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Կարծում եմ՝ ուրիշ ձև հնարավոր չէ բնագիտական առարկաները սովորել, պետք է շոշոփելի ռեսուրս լինի, որ  երեխաները կարողանան դասի ժամանակ օգտագործել: Ճապոնիայի դեսպանատունը այդ հնարավորությունը ստեղծել է այս դպրոցի համար:

Բացի Արմավիրից՝ լաբորատորիաներ են ստեղծել նաև Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերի դպրոցներում:

Մասանորի Ֆուկուշիմա (ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Ծրագրի շնորհիվ շուրջ 600 աշակերտի և ուսուցչի տրվել են որակյալ կրթության համար անհրաժեշտ պայմաններ: Ճապոնիայի կառավարությունը կարևորում է կրթության դերը և խորապես հավատում է, որ նոր սերունդը մեծ ներուժ ունի, և մեր դերը նրանց համար լավագույն պայմաններ ստեղծելն է:

Կրթօջախները բնագիտական լաբորատորիաներով համալրելը նաև Հայաստանի կառավարությունն է կարևոր համարում: Պատասխանատու կառույցները նպատակ ունեն ստեղծել ուսումնական այնպիսի միջավայր, որտեղ երեխան ազատ կլինի՝ բացահայտելու սեփական ներուժն ու հնարավորությունները:

Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Բոլոր այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք հիմքում կրթությունն ու կրթական ոլորտն է, գտնվում են պետության, այս դեպքում՝ մարզային իշխանության ուշադրության կենտրոնում:

Ֆիզիկայի ուսուցչուհի Մարգարիտա Կոստանյանը հատկապես աստղադիտակի համար է ուրախ. անհրաժեշտության դեպքում, սաների հետ կմոտենա աստղերին, առանց դպրոցից դուրս գալու:

Մարգարիտա Կոստանյան (ֆիզիկայի ուսուցչուհի) - Որպեսզի դիտեինք աստղերն ու երկինքը, պետք չէ հասնենք Բյուրական: Մենք Բյուրականն ենք տեղափոխել Արշալույս և հնարավորություն ունենք այստեղից դիտել աստղերին:

Իսկ բնագիտության գործնական պարապմունքներն օգնել են Ծովինարին մասնագիտության ընտրության հարցում: Ապագա բժշկուհուն հաճախ կարելի է տեսնել լաբորատորիայում՝ օրգան-մոդելներն ուսումնասիրելիս:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում