Նախ գիտելիք, հետո՝ առևտուր. Տոտալ կրթական կենտրոնը նոր հասցե ունի Էջմիածնում

ԳԳոհար Սարգսյան

Նաիրա Գրիգորյան (մարկետոլոգ) - Յուրաքանչյուր մարդ հնարավորություն է ունենալու ուսանելու և սովորածը պրակտիկ կիրառելու:

Նախ գիտելիք, հետո՝ առևտուր. այս մոտեցումն են որդեգրել Տոտալ կրթական կենտրոնում, որի սաները ուսումնական դասընթացներից բացի կսովորեն վաճառող-խորհրդատու և վարպետ դառնալու նրբությունները: Կենտրոնի հերթական հասցեն Էջմիածնում է:

Կրթական կենտրոնում ֆերմեր, շինարար, արհեստագործ թե շարքային գյուղացի՝ կսովորի ճիշտ կիրառել վերջին սերնդի աշխատանքային գործիքները: Օրինակ՝ բնակարան նորոգող վարպետը կիմանա՝ նորարար որ գործիքն ինչպես գործածել, որ օգտակար գործողության գործակիցը բարձր լինի, իսկ աղմուկն ու աղբը՝ քիչ:

Միհրան Մեհրաբյան (ընկերության հիմնադիր տնօրեն) - Փորձը ցույց է տվել, որ մասնագետների որակավորումը լուրջ խնդիր է առաջացնում թե՛ գործիքների օգտագործման, թե՛ արտադրողականության մասով:

Թեև կենտրոնի դռները բաց են բոլորի համար, շեշտը, այնուամենայնիվ, դրվելու է նորարար գործիքների կիրառման կանոններն իմանալ ցանկացող երիտասարդների վրա: Կենտրոնի և մարզպետարանի միջև պայմանավորվածություն ձեռք կբերվի՝ դպրոցները, քոլեջները և արհեստագործական ուսումնարանները կրթական գործընթացի մեջ ներառելու համար: Գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մարզում հատկապես հողօգտագործման նորագույն սարքերի արդյունավետ կիրառմանը տիրապետելու կարիք կա:

Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Սա այն մասնագիտությունն է, որ մշտապես պահանջարկ ունի, և կան մարդիկ, որ ցանկանում են սովորել: Միջավայրը պետք է ստեղծենք՝ արհեստագործ, արհեստավորների համար:

Տնտեսությունն արդիականացնելու համար կառավարությունը սուբսիդավորելու է նոր սարքավորումներ և հոսքագծեր ձեռք բերելու ծրագրերը: Էկոնոմիկայի նախարարը գործարարներին կոչ արեց՝ օգտվել հնարավորությունից և թարմացնել նյութատեխնիկական բազան:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Շատ կարևոր է, որ ֆերմերները, վարպետները և այլք օգտագործեն առաջնակարգ գործիքներ, և այդ առումով այս կենտրոնն ուղղված է նրան, որ մարդկանց տա այն գործիքակազմը, որ թույլ կտա բարձրացնել արտադրողականությունը:

Այստեղ նաև գործնական պարապմունքներ կանցկացվեն: Ուսուցումն անվճար է, իսկ գործիքակազմը, որ կկիրառեն պրակտիկայի ժամանակ, կտրամադրի ընկերությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում