Արբանյակն աշխատում է, լուսանկարներ կան. հաջորդ քայլով հայկական արբանյակների գործարան կհիմնվի

ՆՆարե Թադևոսյան

Տիեզերական այս երաժշտությունը գիտության և արվեստի այս խաչմերուկում արդեն չորրորդ օրն է լսվում: օրվա տարբեր ժամերի այստեղ գալիս են դասախոսությունների, կոնֆերանսների, ճեպազրույցների և համաշխարհային աստղերի երաժշտությունը վայելելու:

60-ից ավելի հատուկ հյուր՝ արտիստներ, տիեզերագնացներ, նոբելյան դափնեկիրներ՝ շարունակում են տարբեր հարթակներում ներկայացնել իրենց փորձը, մոտիվացնել երիտասարդներին, օրինակ ծառայել:

Խուան Թոմաս Հերնան (SATLANTIS-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն, գիտնական) - Սա շատ լավ հնարավորություն է, դուք աշխարհը բերել եք Հայաստան: Ոչինչ հնարավոր չէ անել առանց գործընկերների: Բացի դրանից՝ անհրաժեշտ է լրացնել բաց թողածը, և դուք դա անում եք:

Իսպանական SATLANTIS-ի գլխավոր տնօրենի արձագանքն է՝ STARMUS-ին: STARMUS-ն ուղղակի միջոցառում չէ, այլ հավաքատեղի, մտքերի, ինչպես նաև նպատակների ճշգրտման հարթակ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարը շեշտում է՝ STARMUS-ի ընթացքում հստակեցնում են նախարարության առաջնահերթությունները։
Այս և նախորդ օրերի բանախոսների խոսքում շեշտադրումը մեկն է՝ Հայաստանում երիտասարդները խանդավառված են գիտությամբ:

Արբի Կարապետյան (NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայում թռիչքի էլեկտրոնիկայի բաժնի ղեկավար) - Ես ուրախ եմ տեսնել, որ երիտասարդ սերունդը ոգևորված է, ինչպես ես՝ ժամանակին:

Ժան-Ժակ Դորդեյն (ավիատիեզերական ինժեներ) - Ուսանողների շատ մեծ մոտիվացիան, արդեն իսկ ապագայի համար խոստումնալից ռեսուրս է:

Խուան Թոմաս Հերնան - Տպավորիչ է հազարամայկների պատմություն ունեցող երկրում գիտության մեջ երիտասարդների այսչափ ներգրավվածությունը, թիմերում երիտասարդների աշխուժությունը: Տպավորիչ է տեսնել, որ Հայաստանը շատ կարճ՝ ռեկորդային կարճ ժամանակահատվածում դարձավ տիեզերական ուսումնասիրությունների ակումբի անդամ. ընդամենը 6 ամիս առաջ էր Հայաստանի կառավարությունը հանդես եկել նման որոշմամբ:

ՀՀ ԱՐԲԱՆՅԱԿՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՆ. ՄԱՆԹԱՇՅԱՆ

Խուան Թոմաս Հերնանի գլխավորած ընկերության և հայկական պետական «Գեոկոսմոսի» համատեղ աշխատանքի արդյունքում մայիսի 25-ին Հայաստանի առաջին արբանյակը՝ «ArmSat-1»-ը, արձակվեց տիեզերք: Հերնանը շեշտում է՝ հիմա մենք տիեզերքն ուսումնասիրելու լավագույն ժամանակներում ենք: Մանրամասնում է՝ ընդամենը 1 տարի առաջ դեռ 1000-1500 արբանյակ կար տիեզերքում, այսօր 6000-ից ավելի:

Արբանյակն աշխատում է, լուսանկարներ կան: Սա արդեն մեր արբանյակի մասին է՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն է նշում, այլ մանրամասներ ասել չի կարող:

Գևորգ Մանթաշյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ) - Կան պատճառներ։ Գիտենք, որ արբանյակը կա, գիտենք, որ աշխատում է, գիտենք, որ գործողություններ կատարում է։ Ովքեր կաշխատեն նախագծի հետ, նրանք կիմանան: 

Հերնանն ավելացնում է ՝ իրականացվող ծրագիրը երկրաժամկետ է։ Արբանյակը տիեզերք ուղարկելը դեռ առաջին քայլն էր միայն:

Թոմաս Հերնան - Հաջորդ քայլը կլինի, հայկական արտադրության արբանյակների գործարանի ստեղծումը։ Պետք է համբերությամբ լցվել, արդյունաբերությունը նորից արթնացնել, որովհետև Հայաստանում թեև եղել են օպտիկայի և էլեկտրոնիկայի տիեզերական նշանակության նախագծեր և կարողություններ, այնուամենայնիվ, ոլորտը որոշ ժամանակ քնած է եղել. պետք է այն նորից արթնացնել:

Այս ծրագրով նաև հայ ուսանողներ կվերապատրաստվեն Իսպանիայում: Շեշտում է՝ նախատեսում են նաև հետազոտական նախագծեր իրականացնել հենց Հայաստանից արբանյակների հաշվարկային կառավարման ուղղությամբ։

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում