ՔԿ ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանի գործի վերաբերյալ

ՄՄուշեղ Իսախանյան

Ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք, որի պատճառով զոհվել են ծառայողներ, հակառակորդին են անցել մեր տեխնիկան ու որոշ դիրքեր, ստորաբաժանումները դարձել են անմարտունակ: Այս գործողություններում քննչական կոմիտեն մեղադրում է 2020-ի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատարի պաշտոնը զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին:

Ըստ մեղադրանքի առաջին դրվագի՝ 2020-ի հոկտեմբերի 6-ին, երբ հակառակորդի ուժերը ճեղքել էին պաշտպանության առաջնագիծը, Հարությունյանը մշակել է բանակային հակահարվածի օպերացիա:

Ռաֆայել Վարդանյան (ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության պետ) - Մշտապես պետք է վարվեր հետախուզություն, գլխավոր հարվածի ուղղությունում պետք է ստեղծվեր և մշտապես պահպանվեր ուժերի և միջոցների առնվազն եռապատիկ առավելություն, այսինքն՝ յուրային ստորաբաժանումները հակառակորդի ստորաբաժանումներին պետք է գերազանցեին առնվազն 3 անգամ: Դեպի ելման շրջան զորամասերի առաջխաղացումը պետք է սկսվեր սահմանված ժամին: Հակահարված հասցնելու պայմաններում հարակից ուղղություններում և տեղամասերում պետք է կայուն պաշտպանություն ապահովված լիներ, և ճեղքման տեղամասերում հակառակորդի նկատմամբ պետք է ստեղծված լիներ ուժերի ու միջոցների ճնշման առավելություն, խոսքը հենց ճեղքման ուղղություններում առնվազն 5-6 անգամ պետք է գերազանցեինք:

Ըստ գործի՝ պատկերը լրիվ այլ է եղել: Պաշտպանության գոտում հակառակորդի ուժերը 5 անգամ ավելի են եղել, ընդ որում՝ օդում գերակայությամբ: Հարությունյանը չի ուսումնասիրել իր զորքի մարտունակությունն ու կազմը, կասեցված չի եղել նաև հակառակորդի առաջխաղացումը, ինչը պարտադիր պայման է հակագրոհի ժամանակ՝ ասում է Վարդանյանը, չեն եղել նաև պատշաճ հետախուզական տվյալներ:

Ռաֆայել Վարդանյան - Երկու բրիգադներ էին ներգրավված եղել խնդրի կատարմանը, և պետք է սկսեին զուգահեռ ու միաժամանակ: Էն պայմաններում, երբ բրիգադներից մեկը, ունենալով ճանապարհին խնդիրներ՝ տեխնիկայի 50 տոկոսի կորուստ, խնդրի կատարումը սկսել է ավելի ուշ՝ շուրջ 1-1.5 ժամ ուշացումով, էն պայմաններում, երբ դեռևս խնդրի կատարման մեկնարկի վայր չհասած մյուս ստորաբաժանումը արդեն սկսել է խնդրի կատարումը, այսինքն՝ զուգահեռ չի կատարվել, փոխգործակցությունը չի ապահովվել:

Այս ամենի հետևանքով է 20 զինծառայող է զոհվել, խնդրի կատարմանն ընդգրկված 44 տանկից խոցվել են 19-ը, հետևակի մարտական 29 մեքենայից՝ 3-ը, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ: Հակահարվածի ձախողումից հետո Ջալալ Հարությունյանը ձևավորել է զրահախումբ, որն էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները, բայց ստորաբաժանումների առջև դրվել է նույն մարտական խնդիրը: Սակայն անձնակազմի ցածր բարոյահոգեբանական վիճակի, տեխնիկական խնդիրների, կենդանի ուժի պակասի պատճառով առաջադրված խնդրի մեկնարկը հապաղել է, ապա հակառակորդն ինտենսիվ հրետակոծել է տվյալ շրջանը, որտեղ կենտրոնացած են եղել անձնակազմը և զրահատեխնիկան: Այս դեպքով կորուստները դեռ հաշվարկվում են: Այս երկու դրվագները միավորվել են մեկ գործի շրջանակում:

Ռաֆայել Վարդանյան - Յուրային ստորաբաժանումների խնդիրը կայացել է Հորադիզ-Կուբաթլու ավտոմայրուղին փակել և դրանով իսկ փակել հակառակորդի թիկունքային ռեզերվային ապահովման ճանապարհը: Իսկ էն շահարկումը Լելե թեփե բարձունքի, դա օժանդակ խնդիրներից մեկն է հանդիսացել, և յուրային ստորաբաժանումները, տիրելով այդ բարձունքին, կկարողանային հակառակորդի խորքը դիտարկել մինչև մի քանի կիլոմետր:

Երկու դրվագով քրեական գործից զատ, հարուցված է ևս մեկ քրեական գործ, որով կրկին անցնում է Ջալալ Հարությունյանը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Վարանդայի շրջանի Ջուվառլու բնակավայրի մոտակայքում դիտարկվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ հայկական կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաև Հայաստանի ԶՈՒ համազգեստ կրող անձինք: Այդ մասին զեկուցել են Ջալալ Հարությունյանին և թույլտվություն խնդրել լքել կրակային դիրքերը, խոսքը հրետանային մարտկոցի մասին է, որը պատասխանատու է հեռահար մարտի համար: ՊԲ հրամանատարը սակայն որոշել է, որ տվյալ խմբավորումը հայկական է:

Ռաֆայել Վարդանյան - Երբ որ բարձրաստիճան սպան, ի պատասխան ներկայացված զեկույցի, հայտնում է, որ դա յուրային ստորաբաժանումներ են, և խնդիր չի կարող լինել, էդ ժամանակ համակողմանի չի ուսումնասիրում, չի մշակում և դասակարգում իր հավաստիության աստիճանով իրադրության մասին առկա տեղեկատվությունը, չի համադրում տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունների հետ, լրացուցիչ հետախուզություն չի կազմակերպում:

Փոքր-ինչ ուշ դիվիզիոնի հրամանատարը կրկին խնդրում է ստուգել խմբավորման մասին տեղեկությունը և թույլատրել խոցել թիրախը: Հարությունյանը այս անգամ ևս հայտնում է, որ մոտեցողները հայկական ուժեր են: Մի քանի րոպե անց հակառակորդի դիվերսիոն խումբը շրջանցում է հրամանատարական դիտակետը և առաջ շարժվում դեպի կրակային դիրքեր:

Ռաֆայել Վարդանյան - 16-20 զինծառայող է զոհվում, տարբեր աստիճանների մարմնական վիրավորումներ են ստանում 7 զինծառայողներ, հրետանու պետը, ով գտնվում էր 1 կմ առջև հրամանատարական դիտակետում, մինչ օրս գտնվելու վայրը անհայտ է, հնարավոր չի եղել պարզել տեղեկություն գերության մեջ գտնվելու կամ զոհվելու վերաբերյալ:

Հակառակորդի հսկողության տակ անցած Ջուվառլուի դիրքերում մնացել են մեծաքանակ զինտեխնիկա ու զինամթերք, ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, հակառակորդի դիվերսիոն խումբն առանց խոչընդոտի հասել և վերահսկողության տակ է վերցրել մեկ այլ զորամասի մշտական տեղակայման վայրը:

Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 2-ին՝ կեսօրից հետո՝ զինվորական պաշտոնեական անփության համար, որը կատարվել է ռազմական դրության պայմաններում և հանգեցրել է ծանր հետևանքների:

Գործող քրեական օրենսգիրքը նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում, բայց քանի որ դեպքերը 2020-ին են տեղի ունեցել, նախաքննական մարմինն առաջնորդվում է այդ ժամանակվա՝ ավելի մեղմ պատիժ նախատեսող Քրեական օրենսգրքով:

Համապատասխան հոդվածը ենթադրում է 4-8 տարի ազատազրկում: Հարությունյանը, մինչև կարգավիճակ ստանալը, ներգրավված է եղել որպես վկա:

2021-ի փետրվարից Հարությունյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը: Նրա պաշտոնավարումը կասեցված է, խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում