Շահագործման են հանձնվել «100 տուն Արցախում» նախագծի առաջին առանձնատները

ՆՆարեկ Սահակյան

Սեփական տանիք ունենալու արցախցի 6 ընտանիքի երազանք ևս իրականություն դարձավ: Շահագործման են հանձնվել «100 տուն Արցախում» նախագծի առաջին առանձնատները: «Ապրելու Արցախ» հիմնադրամի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործակցությամբ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքում արդեն մեկ տարի լայն թափով բնակարանաշինություն է իրականացվում:

Հովհաննես Մովսիսյան (Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Կարծում եմ, որ հեռուստատեսության դերը հանրությանը նաև բարիք տալն է, և այս դեպքում մենք պրակտիկ տեսնում ենք այս բարիքը, շոշափելի բարիք է: Եվ շատ կարևոր է, որ հեռուստատեսությունն այս դեպքում պարզապես միավորող և տեղեկացնողն էր, բայց մեր գործընկերներն են միացել, և իրենք են մեզ օգնել, որպեսզի սա իրականություն դառնա:

Ղազարյաններն Արցախի Թաղավարդ գյուղի օկուպացված հատվածից են: Կարմիր ժապավենը կտրելով՝ հաստատվում են Դահրավում:

Սուսաննա Ղազարյան (ծրագրի շահառու) - Տունը ամեն ինչ ունի՝ կահավորված է, ջուրը կա, լույսը կա, գազն է, որ չկա, դե, Դահրավում էլ չկա, բայց տունը ամեն հարմարություն ունի:

«100 տուն Արցախում» ծրագրի առաջին նորամուտի տոնական տրամադրությունն ապահովել է «Սիրքլ» խումբը: Oրը պատմական համարելով՝ Առաջին ալիքի և «Ապրելու Արցախ» հիմնադրամի նախաձեռնությունը ողջունել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Մանե Թանդիլյան («Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր) - 160 միլիոն դրամի կարգի գումար է հանգանակվել այս ամբողջ մեկ տարվա ընթացքում, և արդեն 6 տունը հանձնում ենք: Տեսնում եք, որ մնացած 10 նախագծերը կան, և աշխատանքները կատարվում են, ինչը նշանակում է, որ սա ուղիղ համեմատական է նաև հանգանակված միջոցներին:

Բնակարանամուտին ներկա էին ծրագրի խոշոր նվիրատուները: Երեմյան փրոջեքթսը վերաբնակեցված ընտանիքներին խոշոր եղջերավորներ, խոզեր և հավեր է նվիրել, որ նոր թաղամասի բնակիչները մշտական զբաղմունք և կայուն եկամուտ ունենան: Բնակարանամուտը նշող արցախցիները գոհ են, ասում են՝ նոր հարևանների հարցում էլ է բախտը բերել:

Մերի Ջավադյան (ծրագրի շահառու) - Բոլորն էլ լավ են, որովհետև մենք զգացել ենք այն, ինչ եղել է: Ինձ թվում է՝ իրար լավ կհասկանանք: Առաջին տպավորություններս լավ են:

«100 տուն Արցախում» ծրագրի պատասխանատուներին ընդունել է Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տեղահանված ընտանիքների համար մեկնարկած ծրագիրը կարևոր է ոչ միայն սոցիալական խնդիրների լուծման, այլև Արցախի հայկականության պահպանման երկարաժամկետ ռազմավարության տեսանկյունից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում