Տուրիզմի հայկական ֆեդերացիան փորձում է նպաստել Արցախում զբոսաշրջության զարգացմանը

ՆՆարեկ Սահակյան

Տուրիզմի հայկական ֆեդերացիան փորձում է նպաստել Արցախում զբոսաշրջության զարգացմանը: Անհրաժեշտ է հանրահռչակել այլընտրանքային զբոսաշրջավայրերը՝ կարծում է Մեխակ Ապրեսյանը:

Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ) - Ցույց տալ, ներկայացնել, որ Արցախում զբոսաշրջությունը հնարավոր է, ցանկալի է և անհրաժեշտ է, և որ ցանկացած պետություն, երկիր, տարածք, համայնք՝ անկախ քաղաքական կարգավիճակից, իրավիճակից, իրավունք ունի ունենալ մշակույթ, ապրել, արարել, ստեղծագործել, ներկայացնել, խթանել իր մշակույթը և դրանով նաև իր ապրուստի միջոցը հոգալ:

2020-ի պատերազմի ժամանակ Ադրբեջանն օկուպացրել է Արցախի զբոսաշրջային հայտնի ուղղությունների զգալի մասը, բայց դա չի նշանակում, թե այս ոլորտում անելիք չկա՝ ասում են տուրօպերատորները:

Սիրարփի Բեկթաշյան (Զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ) - Արցախը դառնա որպես զբոսաշրջային մի նոր ուղղություն, ու նաև կաշխատենք սոցփաթեթների ուղղությամբ, որպեսզի ևս ավելի հեշտացնենք դեպի Արցախ այցելությունները:

Եթե 2019-ին Արցախ է այցելել մոտ 42 հազար օտարերկրացի, ապա 2021-ին ցուցանիշը նվազել է ուղիղ 10 անգամ: 2022-ի առաջին կիսամյակում նկատվում է դրական դինամիկա:

Գևորգ Առաքելյան (Արցախի զբոսաշրջության վարչության պետ) - 63 տոկոս աճ ունենք, այսինքն՝ 1447 օտարերկրյա քաղաքացու դիմաց հիմա ունենք 2354:

Այսինքն՝ առաջխաղացում կա:

Տուրիզմի ոլորտում առաջխաղացում կարող է լինել, եթե նորացվի զբոսաշրջային արդյունքը՝ ասում են տուրիզմի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչները՝ ոլորտի զարգացման հնարավորությունները քննարկելով Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ:

Մեխակ Ապրեսյան - Զբոսաշրջությունն այն հզոր ուժն է, այն ֆենոմենն է, որը նպաստում է ցանկացած՝ հումանիտար խնդիրների լուծմանը, սոցիալական, մշակութային, տնտեսական խնդիրների լուծմանը, նաև քաղաքական խնդիրների լուծմանը: Այսինքն՝ սկսած ապրելակերպից, կենսամակարդակից մինչև խաղաղություն, բարիդրացիություն, հայապահպանություն:

Հետպատերազմյան շրջանում շատ կարևոր են Հայաստանից տուրիստական այցերը՝ կարծում են ոլորտի փորձառուներն ու հետաքրքիր տուրիստական վայրեր առաջարկում:

Հայաստանաբնակների այցը Արցախ նաև հոգեբանական խնդիր է լուծում տեղացիների համար՝ ասում է Արցախի զբոսաշրջության վարչության պետը: Իսկ դա նպաստում է, որ Արցախն ավելի ներկայանալի տուրիզմ ունենա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում