ԱԱրևիկ Աբելյան

Աննա Հակոբյանը Մեղրիում մի շարք հանդիպումներ է ունեցել

Աննա Հակոբյանը Մեղրիում մի շարք հանդիպումներ է ունեցել
Սյունիք կատարած այցի 2-րդ օրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելեց Մեղրի, որտեղ նրան դիմավորեց համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։ Նրանք այցելեցին ՀՀ կադաստրում գրանցված ամենահին տունը։
 
 
Պաշտոնական փաստաթղթերում «Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի գրանցման ամսաթիվը 1820 թվականն է, սակայն կառույցը 500 տարվա պատմություն ունի: «Խաչաց տանը» վարչապետի տիկնոջը ողջունեցին նաև Մեղրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները:
 
 
«Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ը 2020 թվականի մարտին և ապրիլին, երբ Հայաստանում կորոնավիրուսի համավարակ էր, ծառայել է որպես հյուրատուն՝ դառնալով Մեղրիի ամենահին հյուրատունը: «Խաչաց տանը» 10-ամյակների պատմություն ունեցող 100-ից ավելի ցուցանմուշներ կան։
 
«Խաչաց տան» հիմնադիրները Մեղրիի առաջին բնակիչներն էին՝ Խաչիկյանները։ Հիմա այս կառույցը դարձել է զբոսարշրջիկների սիրելի վայրը, որտեղ կարելի է ծանոթանալ համայնքի պատմությանն ու մշակույթին: Շահանե Խաչիկյանը՝ «Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի հիմնադիր տնօրենը, Աննա Հակոբյանին ներկայացրեց հյուրատանը ցուցադրված գեղանկարչական աշխատանքները, պատմեց, որ այստեղ են հանգրվանել հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանն ու բանաստեղծ Համո Սահյանը:
 
 
Մեղրիում է գտնվում նաև 17-րդ դարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:
 
«Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի հիմնադիր տնօրեն Շահանե Խաչիկյանը վարչապետի տիկնոջը ներկայացրեց եկեղեցու վերակառուցման պատմությունը: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ունի բացառիկ որմնանկարներ, որոնք վնասվել են 1700 թվականին ու Խաչիկյանների ջանքերով վերականգնվել 1866-ին:
 
 
Խաչիկյան ընտանիքի և Մեղրու այլ բնակիչների շնորհիվ եկեղեցին այսօր գործում է, այնտեղ նաև պսակադրության արարողություններ են իրականացվում:
 
 
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելեց նաև Մեղրիի մանկապարտեզ, որի հիմնանորոգման համար «Իմ քայլը» հիմնադրամը միջոցներ էր հատկացրել 2019 թվականին։
 
 
 
 
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում