Աղվան Հովսեփյանի նկատմամբ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակվեց

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակվեց:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նախկին բարձաստիճան պաշտոնյայի գործով նախատեսվում էր հրապարակել մեղադրական եզրակացությունը, սակայն պաշտպանական կողմը մինչ այդ փորձաքննություն նշանակելու միջնորդություն ներկայացրեց: Հովսեփյանը, վիրահատվել էր մայիսի 30-ին, այսօր դատարան էր բերվել «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից: Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Հովսեփյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի 2-րդ տիպ, ինչն ըստ նրանց՝ անհամատեղելի է դարձնում նրա կալանքի տակ գտնվելը։ Ձևավորվելիք հանձնաժողովը պետք է պատասխանի հետևյալ հարցերին:

Էրիկ Ալեքսանյան (Աղվան Հովսեփյանի պաշտպան)  
1. Աղվան Հովսեփյանը ի՞նչ հիվանդություններով է տառապել և տառապում, ինչպիսի՞ ախտորոշմամբ և ի՞նչ վաղեմություն ունեն դրանք:
2. Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը 08.09.2021 թվականից մինչ օրս բացասական դինամիկա ունեցե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա՝ ինչպիսի՞:
3. Աղվան Հովսեփյանը բուժօգնություն ստանալու կարիք ունի՞, թե՞ ոչ, եթե այո, ապա՝ ի՞նչ պայմաններով և ինչպիսի՞ բուժհաստատություններում:
4. Աղվան Հովսեփյանի հիվանդությունները և հատկապես նրա մոտ ախտորշված շաքարային դիաբետ 2-րդ տիպ հիվանդությունը դասվո՞ւմ են արդյոք Կառավարության 2006 թվականի 825 N որոշմամբ նշված հիվանդությունների շարքին, որոնք քրեակատարողական հիմնարկի պայմաններում խոչընդոտում են նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի և պատժի կրմանը:

Մեղադրող դատախազները չառարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ ներկայացված բժշկական փաստաթղթի հիմնավորվածությունը կարող է ստուգվել միայն փորձաքննության միջոցով: Դատախազ Գուրգեն Սաֆարյանը, սակայն խնդրեց հարցերի մեջ ավելացնել, թե արդյոք ճի՞շտ է Հովսեփյանի ախտորոշումը:

Գուրգեն Սաֆարյան (մեղադրող դատախազ) - Առկա առողջական վիճակը պատճառահետևանքային կապի մեջ գտնվո՞ւմ է արդյոք տարած վիրահատության հետ, և եթե այո, ապա այդ առաջացած բարդությունները անցողի՞կ են, թե՞ ոչ:

Դատարանը փորձաքննությունը հասնձնարարեց Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնին: Մինչև դատարանը կանցներ դատաքննության, պաշտպանական կողմը խնդրեց հետաձգել նիստը՝ պնդելով, որ Աղվան Հովսեփյանը պետք է հիվանդանոց վերադառնա:

Նիստը կշարունակվի հուլիսի 18-ին:

Հովսեփյանը, հիշեցնենք, մեղադրվում է 190 մլն դրամ կաշառք ստանալու, խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելուն դրդելու, ինչպես նաև մոտ 1 միլիարդ դրամի գույքի փողերի լվացման համար:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում