Մեծամորի դպրոցի ջերմատանը երեխաները բույսեր են աճեցնում, առնչվում բերքի քաշին, վաճառքին, եկամուտին

ՀՀայկուշ Ասլանյան

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության ծրագրով անցած տարի Մեծամորի համար 1 դպրոցում ջերմատուն կառուցվեց՝ հնարավորություն տալով երեխաներին ուսմանը զուգահեռ նաև ձեռնարկատիրությամբ զբաղվել: Ջերմատունը նոր հետաքրքրություն առաջացրեց դպրոցում: Աշակերտների և ուսուցիչների ամենօրյա խնամքը պտուղ տվեց: Լոլիկի առատ և առողջ բերք են ստացել. ամեն բույսից՝ նվազագույնը 5 կգ:

Սեդա Պապինյան (Մեծամորի համար 1 դպրոցի աշակերտուհի) - Չէի սպասում, բայց շատ ուրախ եմ, որ նման արդյունքի ենք հասել:

Բերքահավաքը ամենահաճելին ու ամենասպասվածն է: Մշակության ընթացքում ոչ մի թունաքիմիկատ չեն օգտագործել: Լոլիկի սածիլները սերմից երեխաներն են ստացել, կամակոր բույսը բերքի հասցնելու համար քրտնաջան աշխատել են, ճիշտ ժամանակին սնել, պարարտացրել: Իսկ փորձի պակասը լրացրել են մասնագիտական գրականությունն ուսումնասիրելով և խորհրդատվություն ստանալով:

Էլմիրա Հովհաննիսյան (Մեծամորի համար 1 դպրոցի փոխտնօրեն) - Մեր անձնական փորձն ենք ներդրել, ես ինքս ջերմատուն ունեմ, կարողանում եմ հասկանալ՝ որն է հիվանդությունը, ջրի պակասը և այլն:

Ջերմատանը ոչ միայն պատանի գյուղատնտեսների խմբակի երեխաներն են, այլև 3-րդ դասարանցիները:

Երեխաներն անմիջապես առնչվում են կշեռքին, բերքի քաշին, վաճառքին, եկամուտին: Իսկ դասարանում այդ ամենը ձևակերպում են խնդրի տեսքով:
 
Աշակերտներից շատերին էլ ջերմատունը բիզնես գաղափարներ է տվել: Անդրեյը, որ մինչև բույսերի հետ աշխատելը, այլ հետաքրքրություններ ու ծրագրեր ուներ, հիմա մտափոխվել է. իրեն դուր է գալիս բնության հետ շփումը:

Անդրեյ Գրիգորյան (Մեծամորի համար 1 դպրոցի աշակերտ) - Ցանկանում եմ արտերկրից այնպիսի բույսեր բերել, որոնք հազվադեպ են, քիչ են նաև Հայաստանում, և փորձելու եմ Հայաստանում աճեցնել:

Թե որն է գնի և արժեքի տարբերությունը, ինչ է փողը, ապրանքը, վաճառքն ու եկամուտը, երեխաները սովորել են այստեղ աշխատելով: Տնօրենն ասում է՝ սա լավ հարթակ է ֆինանսներն արդյունավետ կառավարել սովորելու համար:

Նունե Գևորգյան (Մեծամորի համար 1 դպրոցի տնօրեն) - Ունենալու ենք տնտեսական ունակություններով զինված, պատրաստված, տարբեր հմտությունների տիրապետող քաղաքացիներ, որոնք կարող են ծավալել ձեռնարկատիրական գործունեություն, ֆինանսապես գրագետ գործունեություն:

Հավաքած բերքի մի մասը կիրացնեն դպրոցի ճաշարանում, բաժին կհանեն նաև Մեծամորի մանկապարտեզներին: Իսկ մնացած մասը կվաճառեն, գումարով նոր սերմեր ու սածիլներ կգնեն: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում