Հանրապետական ծննդատանը եռյակ է ծնվել. նորածին տղաների անունները որոշել են քույրն ու ավագ եղբայրները

ՀՀովհաննես Վարդանյան

Հանրապետական ծննդատանը եռյակ է ծնվել, երեքն էլ` տղա։ 2020-ից հետո այստեղ սա եռյակի առաջին ծնունդն է։ Սարգսյանների ընտանիքում կմեծանա 6 երեխա՝ 5 եղբայր, մեկ քույր։ Քեթրինը, Արմենակն ու Ալիկն արդեն որոշել են, թե ինչ անուններ պետք է ունենան եղբայրները:

Լուսինե Պետրոսյան - Թողել եմ` երեխեքը որոշեն, աղջիկս ու երկու տղաներս որոշեն, ասում են՝ դնենք Ալեն, Ալեքս, Լեո, հիմա չեմ իմանում՝ ով, ինչ, ոնց կդնեն: Կուզեմ առողջ տեսնեմ, խաղաղ երկինք լինի, ուրախ մանկություն ունենան:

41-ամյա Լուսինեն ծննդաբերել է կեսարյան հատումով։ Նորածնային վերակենդանացման և խնամքի բաժանմունքի վարիչը փոքրիկների վիճակը ծանր կայուն է գնահատում։ Նրանք ժամանակից շուտ են ծնվել և դեռ շնչառական խնդիրներ ունեն: Դուրս կգրվեն մոտ մեկ ամսից, երբ կարողանան ինքնուրույն սնվել ու քաշ հավաքել մինչև 1 կգ 800 գրամ:

Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի եռյակի ծնունդը նշանակալից իրադարձություն է մարզի համար: Մարզում առաջին եռամսյակում ծնվել է 413 երեխա: Արագածոտնը ծնելիության ցուցանիշով հանրապետությունում երրորդ տեղում է:

Բազմազավակ մորը շնորհավորելու էր եկել մարզպետը։ Սերգեյ Մովսիսյանը նորածիններին նախ առողջություն, հետո նաև լուսավոր, պայծառ ապագա ցանկացավ։

Սերգեյ Մովսիսյան (Արագածոտնի մարզպետ- Իմ կարծիքով` ամենաթանկ նվերը ծնողի համար զավակն է, երեխան է, ամենաթանկ բանը Աստված է տվել, նվերը երեք արու զավակն է, որ վաղը չէ մյուս օրը լինելու են մեր պետական համակարգում, մեր զինվորներն են լինելու, մեր պաշտպանները, մեր իրավաբանները, մեր ուսուցիչները:

Արագածոտնի մարզպետը Սարգսյանների ընտանիքին հիշեցրեց՝ թեև ծնելիությունը խթանող բազմաթիվ պետական ծրագրեր կան, բայց իրենք էլ օգնելու են, որ բազմազավակ ընտանիքը որևէ խնդիր չունենա: Այս ընտանիքը երեք նոր ծնունդի համար ստանալու է ոչ միայն միանվագ՝ 4.5 միլիոն դրամ, այլև երրորդ և հաջորդ ծնունդով պայմանավորված՝ մինչև երեխաների 6 տարեկան դառնալը յուրաքանչյուր ամիս 150.000 դրամ աջակցություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում