Գնալու մասին չեմ մտածում. Խրամորթի բնակիչները՝ ադրբեջանական սադրանքի մասին

ՆՆարեկ Սահակյան

Ադրբեջանական զինուժը երրորդ օրն է՝ փորձում է վախի մթնոլորտ ստեղծել Արցախի ճակատային Խրամորթ գյուղում: Բարձրախոսով հայերեն սպառնում են գյուղացիներին՝ նրանցից պահանջելով լքել գյուղը:

Զորիկ Աբրահամյան (Արցախի Խրամորթ համայնքի ղեկավար) - Լքեցեք, լքեցեք, լքեցեք, մի քանի անգամ կրկնում են նույն բառը, եթե ձեր երեխաների կյանքը թանկ է ձեզ համար: Հետո հետևանքների համար դուք եք պատժվելու: Մենք պատասխան չենք տալու՝ լքեցեք, լքեցեք, լքեցեք:

Ադրբեջանական սադրանքների մասին համայնքի ղեկավարը տեղեկացրել է Արցախի իրավապահներին ու ռուս խաղաղապահներին: Նրանք վստահեցրել են, որ խնդիրը կլուծեն:

Զորիկ Աբրահամյան - Թե բանակցություններն ինչպիսի ոճով կընթանան, արդյունքները կիմանանք երկուշաբթի, երեքշաբթի օրը:

Գյուղը լքելու տրամադրություն Խրամորթում չկա ու չի էլ լինելու, ասում են գյուղացիները: Նրանց համար արդեն ադրբեջանական սադրանքները նորություն չեն: Մինչև այդ խոչընդոտել են այգիներում նրանց աշխատանքը:

Լարիսա Հարությունյան (Արցախի Խրամորթ համայնքի բնակիչ) - Գնալու մասին չեմ մտածում, ես ուզում եմ մեր գյուղում մնամ, այստեղ ապրենք:

Նաիրա Հարությունյան (Արցախի Խրամորթ համայնքի բնակիչ) - Որ գնացել եմ գործի, եկել են, շատ սովորական կանգնել են մեր կողքը՝ հրաման տալով, թե մեր հողն է, իրավունք չունեն այստեղ աշխատելու: Եթե դուք ձեր հոժար կամքով դուրս չգաք, մենք արդեն դիմելու ենք ուրիշ քայլերի:

Սպառնալիքը Խրամորթում մթնոլորտ չի փոխում. միակ մտահոգությունը երեխաներն են: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղը տեսել է ադրբեջանցիների վայրագությունները՝ ավերված տները դեռ չեն նորոգել:

Զորիկ Աբրահամյան - Ճիշտ է երեխաները վախենում են, պետք է մտածենք մենք երեխաների ապագայի մասին, որ կրկին չվախենան: Բայց տրամադրությունն այնպիսին է, որ ժողովուրդը բանի տեղ չի դնում նրանց այդ ձայնագրությունները:

Մասիս Բաղդասարյան (Արցախի Խրամորթ համայնքի բնակիչ) - Ես էլի գնալու եմ իմ տնտեսական աշխատանքն իրականացնեմ՝ իմ հայրենիքում, իմ գյուղում, իմ գյուղացիների հետ: Գյուղացիներն ահազանգում են՝ մոտ 2,5 կիլոմետրանոց հատվածում հենակետ չկա, ինչի հետևանքով ադրբեջանցի զինվորականները հաճախ հատում են շփման գիծը: Դեպքին արձագանքել է նաև Արցախի ՄԻՊ-ը, նշել՝ տարածքում ռուսական խաղաղապահ զորքերի մշտական առկայությունը կարող է ավելացնել անվտանգության զգացողությունը համայնքի բնակիչների շրջանում և խթանել համայնքում բնականոն կյանքը:

Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ փաստերը վկայում են, որ գյուղի բնակչությանն ահաբեկելու հերթական գործողությունները իրականացվում են ադրբեջանական ղեկավարության ուղիղ համակարգմամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում