Հայաստանը մնում է Արցախի սոցիալական անվտանգության հիմնական երաշխավորը. նախարարն ամփոփեց 2021-ի ծրագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ
Հայաստանը շարունակում է մնալ Արցախի սոցիալական անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը և արցախցիների համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն նաև գալիք տարվա առաջին եռամսյակում՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Չնայած բոլոր մարտահրավերներին՝ նախարարությունը այս ընթացքում կարողացել է զարգացման ծրագրեր մշակել, որոնց շնորհիվ էլ հետպատերազմական ժամանակաշրջանում հաղթահարվել են արցախահայության մի շարք խնդիրներ: 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր Հայաստանը, արցախցիների համար իրականացրել է շուրջ 2 տասնյակ ծրագիր՝ կացարանի տրամադրումից մինչև զբաղվածություն և ոչ միայն:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Սկսած 68000 դրամից, որ 4 ամիս ժամկետով տրվել է, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի քաղաքացիներին տրվել է աջակցություն պատերազմի արդյունքում, որոնց բնակարանները վնասվել են, աջակցություն է տրվել վիրավորում, հաշմանդամություն ստացածներին + 50000, 25000: Հիմա աշխատում ենք Արցախի կառավարության հետ զբաղվածության ծրագրերի առումով: Արցախի համար երկու առանձին ծրագիր է գործում՝ համայնքային աշխատանքների փոխհատուցման ծրագիր ու վճարվող պրակտիկայի ծրագիր:
Հարցին, թե արցախցիներն ի՞նչ խնդիրներ ունեն, որոնք շարունակում են օրակարգային մնալ, նախարարը պատասխանեց` հիմնականում բնակարանաշինության հարցն է մնացել, ու հավելեց՝ դեռևս Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած մեր հայրենակիցները առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են վերադառնալու Արցախ։
Նարեկ Մկրտչյան - Պետք է ասենք, որ արցախցիների 80 տոկոսը արդեն վերադարձել է Արցախ, և մի հատվածը դեռ այստեղ են ու մեր ուշադրության կենտրոնում: Մենք գիտենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ և մասնավոր տարբեր կազմակերպությունների շրջանակում այդ գործընթացը շարունակվում է, ու, բնականաբար, պետք է հասկանալ, որ այս աշխատանքները շատ ժամանակ են պահանջում, իսկ երբ պատրաստ կլինեն:
Մկրտչյանի խոսքով` եկող տարի սոցիալական աջակցության տրամադրմանը զուգահեռ պետք է նաև աշխատելը խրախուսեն՝ մարդկանց մոտ պետությունից անընդհատ սոցիալական կախվածության գիտակցումը չպահելու համար։ Նախարարը հայտնեց` հիմա մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ փորձում են լուծել արցախցիներին աշխատանքի տեղավորելու հարցը։ Արդեն իսկ հուշագրեր կան տեղեկատվական տեխնոլոգիաների և սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների հետ։
Նարեկ Մկրտչյան - Մեր բոլոր ազատ հաստիքները, ինչպես մասնավոր ոլորտում, այնպես էլ պետական սեկտորում որ ունենք, հասանելի դարձնենք, կոմունիկացնենք Արցախի բնակիցչներին ու կարողանան աշխատել, որպեսզի պետությունից աջակցության կախվածություն չունենան:
Մկրտչյանը նշեց, որ պատերազմի մասնակից ու պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած շուրջ 500 երիտասարդ հնարավորություն է ստացել մասնակցել առաջարկվող ծրագրերին՝ տղաները գիտելիք են ստանում, պրակտիկա անցնում, հիմնականում աշխատանքի տեղավորվում:
Նարեկ Մկրտչյան - Օրինակ՝ մի ծրագրով համագործացել են ԲՏԱ ի հետ ու պատերազմում վիրավորված տղաները հնարավորույոուն են ունեցել ծրագավորում սովորել ու նախարարությունը միջնորդել է որ ստանան աշխատանքի առաջարակեր այս առումով ավելի քան 100 տղա ծրագրի շահառու են դարձել: Բացի էդ մասվորի հետ ենք ծրագրեր արել «Սոֆթ կոնստրակտի» հետ ենք նաև եռափուլ ծրագիր անում, + ունենք ծրագիր նաև Գյումրում տեխոլոգիական կենտրոնի հետ 100 շահառու ևս էնտեղ հնարվուություն ունի լինել մրցունակ ու աշխատանքի անցնել:
ՄՇԱԿՎՈՒՄ Է ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական, բնակարանաշինության, բնակապահովման ոլորտում ռազմավարություն է մշակում. այն պատրաստ կլինի 2022-ի գարնանը։ Նախարարի խոսքով` այս ծրագրում կներառվեն ոչ միայն սոցիալապես անապահովները, այլ նաև հաշմանդամություն ունեցող անձինք, երիտասարդ ընտանիքները, միայնակները։ Մկրտչյանը վստահեցրեց, որ այս ոլորտով շատ հետաքրքրված է Ֆրանսիան, և Ֆրանսիական զարգացման գործակալության հետ արդեն իսկ հանդիպումներ ու քննարկումներ են եղել այս թեմայով։
Նարեկ Մկրտչյան - Նախկինում, ըստ էության, նման ռազմավարություն չենք ունեցել, և արդեն մի քանի ամիս է` սկսել ենք ռազմավարության մշակում։ Հույս ունեմ, որ այն թույլ կտա բնակարանաշինության նոր ծրագիր ունենալ։ Եթե կարողանանք հաջող իրականացնել այն, ապա տարիներ շարունակ Հայաստանում կուտակված խնդիրը կկարողանանք լուծել։
Բացի այդ, բնակարանաշինության ծրագրով հետաքրքրված է նաև «Ամունդի» հիմնադրամը, որը կուտակային կենսաթոշակը կառավարողն է։ Նախարարը վստահեցրեց` բնակապահովման ռազմավարությունը մշակելիս բացառապես միջազգային լավագույն փորձն են ուսումնասիրում:













