Հայկական գինիների հարուստ տեսականին՝ եվրոպական շուկայում

ՎՎահե Կոստանդյան

Մոտ 2 շաբաթից հայկական 22 ընկերության 14 հազար շիշ գինի ցամաքային ճանապարհով կհասնի Բեռլին: Ընկերություններն ընտրվել են ամիսներ առաջ՝ «Վայնս օֆ Արմենիա» կույր համտեսի մրցույթով: 22 գինեգործական ընկերությունից որոշներն առաջին անգամ են արտահանում եվրոպական շուկա:

Արտաշես Ջրաղացպանյան (գինեգործական ընկերության տնօրեն) - Մեր ընկերությունից ընտրվել ա երեք գինի՝ կարմիր, սպիտակ և վարդագուjն գինիները: Մենք ուղարկում ենք ընդհանուր 745 շիշ:

Ընկերությունը եվրոպական սպառողին է ներկայացնում չոր գինիներ: Համտեսի մրցույթում լավագույնն է ճանաչվել հիշյալ 22 ընկերության 60 տեսականի: Գինիների ընտրությանն ու արտահանմանն աջակցել են Հայաստանի գինեգործության, խաղողագործության հիմնադրամն ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը: Բեռլինում արդեն գործում է հայկական գինիների լոգիստիկ պահեստ:

Զարուհի Մուրադյան (Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամի տնօրեն) - Սպառումը իրականացվելու է ամբողջ Եվրոպայում՝ եվրոպական երկրներում ու քաղաքներում:

Լինի մեկ շիշ թե մեծ խմբաքանակ՝ գնելու համար բավարար է ընդամենը պատվերն ամրագրել հատուկ հայկական գինու վաճառքով զբաղվող «Վայնս օֆ Արմենիա.սթոր» կայքում: Այն կգործարկվի հենց այն պահից, երբ հայկական արտադրանքը լինի Եվրոպայում: Բեռլինում գործող լոգիստիկ պահեստը հայկական գինին կառաքի անմիջապես հասցեատիրոջը՝ ասում է Գինեգործության և խաղողագործության հիմնադրամի տնօրենը:

Զարուհի Մուրադյան - Յուրաքանչյուրը իր քաղաքից կարող է պատվիրել հայկական գինի և իր տանն արդեն ունենա իր գինին: Հարթակը թույլ է տալիս ունենալ B2B և B2C, այսինքն՝ կարող են գնել մեկ շիշ, և կարող են ներմուծողները գնել հարյուրավոր շշեր:

Հարթակում վաճառքի են ներկայացված միմիայն բարձր գնահատականի արժանացած գինիները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում