«Զուլալի» ֆիլմը՝ մեծ էկրանին

ԱԱննա Մարտիկյան

Մաեստրո Մանսուրյանը այս պատկերը տեսնելուց հետո ասել է՝ ինձ թուղթ ու գրիչ տվեք, ու սկսել է նոտագրել: Դաժան ճակատագրի, ցավի, բայց նաև սիրո, հայկական համուհոտի մասին պատմող ֆիլմը այսօրվանից մեծ էկրաններին է: «Զուլալի» ֆիլմի ընթացքում հնչում է մանսուրյանական երաժշտությունը:

Իրադարձությունները տեղի են ունենում Տավուշի մարզում, հերոսները խոսում են տեղի բարբառով: Գլխավոր հերոսուհին ֆիլմի ընթացքում չի խոսում, բայց լուռ չէ:

Հերմինե Ստեփանյան (Դերասան) - «Ես հասկացա, որ բնության մի մասնիկ է: Զուլալին տերև է, քամի է՝ լիճ է, ծով է»: «Զուլալին չէր լռում, ոչ մի րոպե և ոչ մի վայրկյան: Զուլալին խոսում էր, բայց ինքն իր հետ էր խոսում և իր ներսում ապրող մարդկանց հետ էր խոսում»:

Պատմությունը, որ կոնկրետ ժամանակագրություն չունի, գրող Նարինե Աբգարյանի հուշերից է: Ռեժիսորը գիրքը ստացել է շնորհանդեսի ժամանակ: Հեղինակի ու ռեժիսորի հանդիպումը տպավորել է երկուսին էլ:

Նարինե Աբգարյան (գրող) - Ես հեռվից ինչ-որ աչքեր տեսա: Շատ հետաքրքիր աչքեր էին, մտածեցի՝ հաստատ շամշադինցու աչքեր են: Հետո որ մոտեցավ ինձ, ասաց՝ ես շամշադինցի եմ, միանգամից ամեն ինչ հավաքվեց: 

Ռեժիսորը նովելը կարդացել ու սառել է:

Հայկ Օրդյան (ռեժիսոր) - «Ասացի՝ ես այս բոլոր հերոսներին մանկուց գիտեմ: Նարինեն շատ տաղանդավոր ձևով իրենց դասավորել է այդ պատմության մեջ: Այդ պատմությունը ինձ այնքան հարազատ էր, որ ասացի՝ պետք է ավելի լուրջ կարդամ, որ հասկանամ՝ ի՞մն է, թե՞ չէ»: 

Կարդալուց արդեն հասկացել է՝ ովքեր պետք է մարմնավորեն գրքի հերոսներին: Նազարոսի դերակատարը տավուշցի է: Մնացած հերոսները սովորել են բարբառով խոսել: Ֆիլմում ողբերգական դեպքերի կողքին հումորն է, հավատը: Գլխավոր հերոսուհին գիտի՝ ինչ բույր ունի երկինքը՝ նոր թխած հացի, ուրցի, չորացած խնձորի, ինչպես իր մոր ձեռքերն էին բուրում:

Աքիրը լայն թիկունք ունի: 

Ֆիլմի ստեղծման աշխատանքները սկսել են 2019 թվականին, հետո խանգարել է կորոնավիրուսը, երբ ավարտել են նկարահանումները, սկսվել է պատերազմը:

Հայկ Օրդյան - Երբ պատերազմն ավարտվեց, ես չէի կարողանում վերադառնալ ֆիլմին: Ինձ ֆիլմ հետ բերեց Մանսուրյանը: Ինձ զանգեց բարկացած, ասաց, որ ֆիլմը, մոնտաժը շուտ ավարտենք, որ ինքը երաժշտություն պիտի գրի այս ֆիլմի համար: Մենք պիտի աշխատենք, չպիտի ձեռքներս ծալած նստենք: Դա շատ կարևոր է հիմա: 

«Սա ծերերի և երեխաների աշխարհն է, մեծերի աշխարհը և նրանց, ովքեր կորցրել են հավատը, բայց չեն հուսահատվել»,- հեղինակն այսպես է բնորոշում իր ստեղծած պատմությունը: Ֆիլմը կցուցադրվի նաև Ռուսաստանում և մի շարք երկրներում, կմասնակցի փառատոների:

Հեղինակ՝ Անի Ավագյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում