Խորհրդարանական 5 հանձնաժողով զուգահեռ նիստ է գումարել և փոխնախագահներ ընտրել

ԱԱնուշ Մուրադյան

Երկուշաբթի առավոտյան խորհրդարանական 5 հանձնաժողով զուգահեռ նիստ գումարեց: Առաջին քառօրյային ընդառաջ ձևավորման վերջնական փուլն է: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հաձնաժողովի նախագահությունը ընդդիմությանն է, բայց փոխնախագահի աթոռը իշխանության թեկնածուինն է: Այս պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրել է ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանին: Պատգամավորին ներկայացրեց խմբակցության քարտուղարը, հիշեցրեց՝ Բաքոյանն այս հանձնաժողովում աշխատանքային փորձ արդեն ունի:

Նազելի Բաղդասարյան (ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ) - Մեզ համար խիստ կարևոր է, որ այս հանձնաժողովում առաջադրենք մեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցչին:

Բաքոյանի թեկնածությունը, սակայն, մտահոգել էր հանձնաժողովի անդամ Արեգնազ Մանուկյանին: «Հայաստան» դաշինքի պատգամավորը հայտարարեց՝ վերջին նիստերից հետո չի կարող կողմ քվեարկել Բաքոյանին:

Արեգնազ Մանուկյան (ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ) - Խոսքը ելույթների ժամանակ ռեպլիկների մասին էր, ոչ թե դու խանգարել եք, այլ դուք մարդու կարծիքի ազատ արտահայտման ի պատասխան, դուք ձեզ թույլ եք տալիս վիրավորական արտահայտություններ, ու այդ ագրեսիան ես նկատել եմ կին պատգամավորների նկատմամբ:

Բաքոյանը հակադարձեց Մանուկյանին, պնդեց՝ ագրեսիվ պահվածք չի դրսևորել, հատկապես՝ կանանց նկատմամբ, վստահեցրեց՝ ինքը կնամեծար է:

Ռուստամ Բաքոյան (ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ) - Ինձ ճանաչող բոլոր աղջիկները ու կանայք հակառակը կփաստեն, առանց բացառության, ինչ վերաբերում է ռեպլիկին, այո՛, արել եմ, որովհետև էմոցիոնալ եմ ու իմ էմոցիաները չեմ զսպել: Ընդամենը երբ որ մեր գործընկերներից մեկը անընդհատ խանգարել է նիստն ու երկու անգամ դահլիճից հեռացվել է, նույն մարդուն ասել եմ ու ռեպլիկի ժամանակ արել եմ հայտարարություն, որը վերաբերում է մեր գործընկերոջը, իսկ ավելի մանրամասն նիստերից մեկի ժամանակ կներկայացնեմ:

Քննարկմանը միացավ հանձնաժողովի ընդդիմադիր նախագահն ու ու կեսկատակ դեռ չամուսնացած Բաքոյանին հորդորեց ավելի ուշադիր լինել կանանց հանդեպ իր վարքագծում:

Թագուհի Թովմասյան (ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Պետք է հատկապես կանանց նկատմամբ ուշադիր լինեք, հարսնացուների փնտրտուքի մեջ ենք բոլորս ու ձեզ համար: Ես ձեզ քանի տարի ճանաչում եմ ու դժվար եմ պատկերացնում, որ դուք կարող եք անհարգալից վերաբերմունք դրսևորել:

Օրինակելի վարքագիծ պետք է ունենան բոլորը՝ անկախ սեռից, սա էլ հայտարարեց Նազելի Բաղդասարյանն ու հատկապես կանանց կոչ արեց ձեռնպահ մնալ սադրիչ ու պոռթկումների տեղիք տվող վարքագծից: Հարցը դրվեց քվեարկության: 5 կողմ, 2 դեմ ձայներով Բաքոյանն ընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ այսօր ընտրեցին նաև տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Փոխնախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրել էր Վաղարշակ Հակոբյանի թեկնածությունը: Մասնագիտությամբ արևելագետ պատգամավորն այս հանձնաժողովի կազմում է եղել նաև նախորդ՝ 7-րդ գումարման ԱԺ-ում:

Վաղարշակ Հակոբյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Սա, ըստ իս, 8-րդ գումարման հանձնաժողովներից ամենակարևորներից է, քանի որ քաղաքական ուղենիշի հստակ արտահայտում է, և ես կարծում եմ ինչպես քաղաքական կյանքում, այնպես էլ արտաքին քաղաքականությունում մեր համագործակցությունը կծառայի ՀՀ-ին:

Հակոբյանն ընտրվեց 5 կողմ ձայնով: «Հայաստան» խմբակցությունից հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանն ու անդամ Անդրանիկ Թևանյանը քվեարկությանը չմասնակցեցին:

4 կողմ, 2 ձեռնպահ ձայներով էլ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Արեն Մկրտչյանը: Հանձնաժողովը, որը գլխավորում է Վահե Ղալումյանը, այսօր հաստատեց նաև աշխատակարգն ու առաջիկայում քաղաքացիների ընդունելության գրաֆիկը:

Փոխնախագահի ընտրության համար արտահերթ նիստ էր այսօր գումարել նաև առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը: Առաջադրված միակ թեկնածուն Լուսինե Բադալյանն էր, որն ընտրվեց 5 կողմ ձայնով:

Անդրանիկ նիստում այսօր փոխնախագահ ընտրեցին նաև աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, այդ պաշտոնը կզբաղեցնի «Հայաստան» դաշինքից Թադևոս Ավետիսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում