2 եղբայրների որոշումը փոխեց իրենց աշխատանքային ուղին: Կառավարության «խելացի անասնաֆերմա» ծրագիրը խթան հանդիսացավ, որ Համբարձումյաններն Ապագա գյուղում հիմնեն սեփական անասնաֆերման:
Վարդգես Համբարձումյան (Խելացի անասնաֆերմայի համահիմնադիր) - Ի սկզբանե գաղափար ունեինք գյուղատնտեսական որևէ ոլորտով զբաղվելու ցանկություն, իսկ կառավարության կողմից պետական սուբսիդավորման ծրագիրը խթան հանդիսացավ, որ ավելի շուտ որոշած ծրագիրը իրականացնենք:
Կառավարության ծրագիրը հասանելի է անասնապահությամբ զբաղվել ցանկացողների համար: Դիմորդներից պարզապես պահանջվում է ապահովել շենքի բարձրությունը, անասնաֆերմայում անասունների ազատ տեղաշարժը, մշտական ջրի և մաքուր օդի առկայությունը:
Տիգրան Գաբրիելյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Չկա որոշակի սահմանափակումներ կենդանիների ցեղատեսակի, մթերատվության և այլի վերաբերյալ, և յուրաքանչյուր շահառու, որը ցանկանում է օգտվել ծրագրից, նրան պարտադրված չէ, որ անպայման պետք է առնեն տոհմային բարձր մթերատու կենդանիներ:
«Տոհմային կենդանիների զարգացման» ծրագրից օգտվել է 21 շահառու, ընդհանուր առմամբ, Հայաստան է ներկրվել մոտ 1200 խոշոր եղջերավոր: Փոխնախարարի խոսքով՝ շահառուն է որոշում, թե որ երկրից և ինչ ցեղատեսակի եղջերավոր ներկրել: Իսկ «Խելացի անասնաֆերմա» ծրագրից օգտվել է 70 քաղաքացի: 30 տնտեսվարող արդեն կառուցել է խելացի անասնաֆերմա, 40-ը՝ կառուցապատման տարբեր փուլերում են:
Տիգրան Գաբրիելյան - Ծրագիրը չի սահմանափակում նաև այն տնտեսվարողների համար, ովքեր ունեն տոհմային կենդանիներ, նաև կարող են Հայաստանի տնտեսություններից էլ գնեն տոհմային կենդանիներ:
Վարդգես Համբարձումյան - Կենդանիները մաքրացեղ կենդանիներ են, հորսնեյ ցեղատեսակի, բարձր կաթնատվությամբ: ներմուծվել են Գերմանիայից:
Յուրաքանչյուր կենդանի օրական տալիս է մոտ 20 լիտր կաթ: Այն սպառելու խնդիր չունեն: Կաթը միանգամից լցնում են հատուկ դրա համար նախատեսված սառնարանում՝ բացառելով օդի հետ շփումը:
Վարդգես Համբարձումյան - Այսինքն մենք էստեղ ունենում ենք կաթ, որը չի շփվում օդի հետ, այսինք բացառվում է հոտի առկայությունը մեր կաթում:
«Խելացի անասնաֆերմայի» առանձնահատկություններից մեկը նոր աշխատատեղերի ստեղծումն է: Վարդգես Համբարձումյանը նշեց՝ փնտրում են կթվորուհիներ ու անասնապահներ:
Վարդգես Համբարձումյան - Ինչու չեն դեռ դիմել, քանի որ պատկերացնում են, որ աշխատանքները ծանր են, իսկ մեզ մոտ բոլոր աշխատանքները, բոլոր գործերը ավտոմատացված են և գյուղացիների պատկերացրած ֆերմերի աշխատանքը չէ:
Մինչև ֆերման կհամալրվի նոր աշխատակիցներով, աշխատանքի ծանրաբեռնվածության մեծ մասն իրականացնում է Հնդկաստանից եկած Մանուն: Ասում է՝ անում է սիրով ու մեծ եռանդով:
Անասնաֆերմայի համահիմնադիր Վարդգես Համբարձումյանն ասում է՝ կաթը և կաթնամթերքը սպառողների համար չեն կորցնի իրենց պահանջարկը: Կաթին փոխարինող դժվար գտնվի՝ թե հիմա, թե ապագայում: Իսկ Ապագա գյուղի ընտրությունը պատահականություն է:
Հեղինակ՝ Հերմինե Նալբանդյան













