Խնձորեսկի Սոնայի աղբյուրը գրավում է զբոսաշրջիկներին

ԱԱրման Գալոյան

Պատմական Խնձորեսկի Ճոճվող կամրջի վրա հերթական ուրախ զբոսաշրջիկն է` հավերժացնում է այցելությունը, ջերմ ողջույններ է հղում իր երկրին` միաժամանակ սեր խոստովանելով Հայաստանին: 

Պատմական հուշարձան Խնձորեսկը զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն ունի: Գյուղն ամեն անգամ բացահայտում է նոր գաղտնիքներ: 

Յուրիկ Առաքելյան (զբոսաշրջիկ) - Արդեն երրորդ անգամ եմ էստեղ, ամեն անգամ մի նոր բացահայտում եմ գտնում, Ինը մանուկում եմ եղել, ջուր խմել եմ էնտեղից, այսօր էլ երևի թե կփորձեմ և կշարունակեմ ճանապարհս: 

Ճանապարհը շարունակեցինք նաև մենք: Խնձորեսկի զբոսավարի ուղեկցությամբ հասանք Ինը մանուկ կամ, ինչպես ասում են՝ Սոնայի աղբյուր: Այստեղ այցելուների պակաս ևս չկա, յուրաքանչյուրն անհամբեր սպասում է իր հերթին՝ ծարավը հագեցնել աղբյուրից հոսող սառնորակ ջրով: Հին ավանդույթն աղբյուրի մասին պատմում է. երբ Խնձորեսկի վրա հարձակվում է թշնամին, պայքարի են դուրս գալիս նաև կանայք: Նրանց մեջ է լինում Սոնա անունով մի այրի՝ ինը երեխաների մայր: Պայքարի ժամանակ Սոնան զոհվում է: Նրա հայրը՝ ուստա Օհանը, գյուղի կենտրոնական հատվածում՝ Պիճիձոր կոչվող թաղամասում, աղջկա հիշատակին աղբյուր է կառուցում:

Սևադա Շահնզարյան (գյուղի զբոսավար) - Աղբյուրի թասը հիշեցնում է կնոջ կուրծք:

Խնձորեսկի բնությամբ, մարդկանցով, ուտեստներով հիացած են նաև ռուսաստանցի զբոսաշրջիկները, նրանք լավ գիտեն Ինը մանուկ աղբյուրի պատմությունը: 

Աննա Նովիկովա - Ակնհայտ է, որ այստեղ մարդիկ ապրում են սիրով, ամեն բան գեղեցիկ է և պատմական, մեծ ցանկություն կա նորից վերադառնալ և անգամ ապրել այստեղ: Այս խորհրդանշական կնոջ աղբյուրը ցույց է տալիս, որ կյանքը շարունակվում է: 

Ըստ ավանդության` ավարտելով աղբյուրի կառուցումը՝ ուստա Օհանը դիմել է սրբին. «Թող աղբյուրի ջուրը դառնա մեր Սոնայի կրծքի կաթը և պահպանի որբացած թոռներիս»: Մարդիկ վստահ են՝ աղբյուրի ջուրն առողջարար է, լվացվում են ու երազանք պահում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում