ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու ու խաղաղ ապրելու սահմանադրական իրավունք ունի. Ջոն Ինյարիտու

ՆՆարեկ Սահակյան

Հայաստանում գտնվող իսպանացի կոնգրեսական Ջոն Ինյարիտուն կարծում է՝ անհրաժեշտ է հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ըստ իսպանացի պատգամավորի՝ դա պետք է ոչ միայն Հայաստանին ու Արցախին: Ինյարիտուի հետ զրուցել է Սոնա Աղբալյանը:

- Բարի երեկո, պարոն Ինյարիտու, բարի գալուստ մեր երկիր: Այս օրերին հայերին ամենաշատը հետաքրքրող հարցն այն է, թե որ երկրներն են պատրաստ ճանաչել Արցախի անկախությունը: Իսպանիան կլինի՞ այս ցանկում:

- Տա Աստված: Երանի Իսպանիան, ԵՄ մյուս երկրներն էլ, կարողանան այս քայլին դիմել: Արդեն 30 տարի է՝ Ադրբեջանը պատրաստ չէ ընդառաջել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Ադրբեջանը, օգտվելով այս ծանր իրավիճակից, հրթիռակոծում է խաղաղ բնակչությանը՝ ժողովրդին, որն ուզում է ապրել խաղաղ և ժողովրդավարական երկրում: Կարծում ենք, որ սա նույնն է, ինչ կատարվում է այսօր ամբողջ աշխարհում: Իհարկե, այստեղ դեպքերն ավելի ծանր են, բայց սա պատուհասել է նաև աշխարհի մյուս երկրներին: Բայց կարող ենք հաշվի առնել Կոսովոյի դեպքը, որ «անջատում հանուն փրկության» բանաձևի օրինակ է, որտեղ չեղան կողմնակալ որոշումներ, պարզապես ճանաչեցին Կոսովոն: Կարծում եմ, որ սա կարող է լավ աշխատել նաև Արցախի դեպքում: Սա շատ կարևոր քայլ կլինի խաղաղության հասնելու համար ոչ միայն Արցախում, այլև ամբողջ տարածաշրջանում և Հարավային Կովկասում: Կարծում եմ, որ սա կարող է օգնել:

- Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս հակամարտության լուծումը:

- Սա շատ բարդ իրավիճակ է, դժվար է ասել, բայց մի բան ակնհայտ է․ ադրբեջանական կողմը չունի կամք՝ ճանաչելու Արցախի քաղաքացիների սահմանադրական իրավունքը. այն է՝ իրենց ապագան որոշելու իրավունքը: Նրանք չեն ընդունում ազատ, խաղաղ երկրում ապրելու, ինքնորոշվելու նրանց իրավունքը, ինչպես դա անում են աշխարհի և տարածաշրջանի շատ այլ ժողովուրդներ: Բացի այդ, այս պահին առերեսվում ենք քաղաքացիական բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ աննախադեպ ագրեսիայի: Մենք հիմա մարդասիրական ճգնաժամ ենք ապրում: Ավելին՝ ստիպված եմ ավելի խիստ բառ օգտագործել. դուք հիմա ենթարկվում եք ցեղասպանության: Սա էթնիկ զտում է, որ արդեն շատ անգամներ են փորձել անել այս ժողովրդի նկատմամբ: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործել և գործել շատ արագ, որովհետև անհապաղ պետք է կանխել ևս մի հսկայական ողբերգություն:

- Իսպանիան Եվրոպական միության՝ Թուրքիային ամենաշատ զենք վաճառող երկիրն է: Այս օրերի՞ն էլ է շարունակվում զենքի վաճառքը:

- Ցավոք, ճիշտ եք: Թուրքիան Իսպանիայից ամենաշատ զենք գնող երկիրն է...

- Նաև Ադրբեջանը...

- Անցած շաբաթ խորհրդարանականները, որոնց միացել են նաև բասկերի երկրի մեր գործընկերները, կառավարությունից պահանջել են, որ, հատկապես աշխարհում սանիտարական ճգնաժամի պայմաններում, գոնե այս շրջանում, դադարեցնեն այդ երկրներին զենքի մատակարարումը: Նախորդ շաբաթ խորհրդարանում մենք ունեցանք նաև մտքերի փոխանակում և ներկայացրինք մեր տեսակետները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էրդողանի ղեկավարած պետությունը ոչ միայն հարվածում է Արցախին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին՝ Միջերկրականից մինչև Կովկաս: Եվ ստեղծված իրավիճակի մեղավորը Թուրքիան է։ Կարծում եմ, որ, քանի դեռ շարունակվում է ԼՂ հակամարտությունը, պետությունները պետք է կոշտ գործելաոճ որդեգրեն և դադարեցնեն զենքի վաճառքն այդ երկրին: Ակնկալում եմ, որ Իսպանիան և ԵՄ այլ երկրներն արմատապես դադարեցնեն ցանկացած զենքի վաճառք այս երկրներին:

- Դուք իսպանացի այն պատգամավորն եք, որ ամենաշատն է աջակցում հայերին: Նախ՝ շնորհակալ եմ: Ի՞նչ այլ նախաձեռնություններ ունեք Հայաստանի հետ կապված:

- Իհարկե, ես ծագումով բասկերի երկրից եմ, սա Եվրոպայի ներսում մի տարածք է, մի ազգ, որը շատ մեծ համակրանք ունի հայերի և հայկական հարցի նկատմամբ: Մենք երկարամյա հարաբերություններ ունենք ոչ միայն Հայաստանի և Արցախի հետ, այլև ձեր սփյուռքի հետ, որ կա Արգենտինայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Հիմա ակնհայտ է, որ շատ երկրներ՝ հատկապես Իսպանիան, աջակցություն են հայտնում Հայաստանին: Հենց դրա համար ենք հիմա այստեղ, նաև՝ Իսպանիայի Կոնգրեսում մեծամասնություն կազմող կուսակցության պատգամավորը: Մի բան, որ շատ նշանակալից է և կարևոր քայլ է:

- Ձեր այցի ընթացքում ականատես եղաք, որ Ադրբեջանը նորից արգելված զենք է օգտագործում, այս անգամ՝ քիմիական: Խոսքը սպիտակ ֆոսֆորի մասին է: Պատրաստվո՞ւմ եք Իսպանիայի իշխանությանը հայտնել սրա մասին:

- Հենց երեկ Գորիսում էի, հանդիպեցինք Արցախից՝ Լեռնային Ղարաբաղից եկած մարդկանց հետ, նրանք պատմում էին իրենց տեսածը, նրանք հանդիպեցին բժիշկների հետ, այրվածքներ ունեին․ դրանք քիմիական զենքի հետևանքներ էին: Զենք, որ արգելված է, և տարբերություն կար սովորական զենքից այրվածքների և քիմիական զենքի վնասների միջև:

- Եվ միջազգային հանրությունը նորից լռում է:

- Ինձ մոտ էլ է այդ տպավորությունը: Տպավորություն, որ միջազգային հանրությունը միշտ ուշ է արձագանքում: Այն միշտ սկսում է գործել այն ժամանակ, երբ դրաման արդեն պատահել է: Հիմա պատերազմ է, որտեղ կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ, և ամեն ինչ տեղի է ունենում վայրկյանների ընթացքում: Բայց մի գործիք էլ կա՝ սոցիալական մեդիան, որը շատ արագ կարող է լուրը տեղ հասցնել: Եվ վայրկյանների ընթացքում մենք տեղեկանում ենք, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություն է գործել: Միայն մենք չէ՝ ՄԱԿ-ն էլ է դա տեսնում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար տիկին Բաչելետն էլ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում հրետանային հարվածները կարող են ռազմական հանցագործություններ լինել: Կարծում եմ, որ այս դեպքում միջազգային հանրությունը պետք է արագ գործի՝ կանխելու համար ևս մեկ դաժանություն, որի ականատեսն ենք լինում այս օրերին: Միայն այդպես կարող ենք խուսափել ավելի մեծ ողբերգությունից:

Բոլոր երկրների իշխանությունները պետք է արձագանքեն, նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որն այստեղ թեև մեծ դերակատար երկիր է, բայց շարունակում է օգտագործել բոլոր կոնվենցիաներով արգելված զենք: Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շարունակվում են գնդակոծվել քաղաքացիական բնակչությունը, ոչ ռազմական նշանակության ենթակառուցվածքները: Սրանք ոչ այլ ինչ են, քան ռազմական հանցագործություններ: Եվ պետք է շատ արագ գործել, որպեսզի կարողանանք կանխարգելել էլ ավելի մեծ դաժանություն: Գորիսի կողմից տեսանք ամպի մի մեծ ծուխ, հետո պարզվեց, որ դա Լաչինի կողմից էր: Լաչինում սպիտակ ֆոսֆոր են կիրառել՝ չհաշված բնապահպանական աղետը, ինչը շատ դժվար է լինելու հաղթահարել:

- Ո՞րն էր Հայաստան Ձեր այցի նպատակը: Եվ Արցախ այցելեցի՞ք:

- Այս այցը, որ տարբեր մարդկանց՝ պատգամավորների, լրագրողների, ռազմական փորձագետների մասնակցությամբ է, նպատակ ունի ուսումնասիրել, տեսնել, նաև խոսել այն ամենի մասին, ինչ տեսանք. զոհեր, տեղահանվածներ և ունենալ մեր սեփական վկայությունն այն կառույցներում, որտեղ աշխատում ենք, այն երկրներում, որտեղ ապրում ենք: Նպատակն այն է, որ այն, ինչ տեղի է ունենում, ստանա լայն արձագանք: Որովհետև այս պահին Ադրբեջանը, իր մեծ եղբոր՝ Թուրքիայի հետ, օգտագործում է պահը տարածաշրջանի վրա ազդեցություն ունենալու համար, քանի որ նաև համավարակ է աշխարհում, սանիտարական ճգնաժամ կա, և ամբողջ աշխարհն է շատ անհանգստացած այն ամենով, ինչ տեղի է ունենում: Հենց նույն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է ասել, որ բոլոր հակամարտությունները պետք է դադարեցվեն պանդեմիայի օրերին, իսկ Ադրբեջանը հակառակն է արել: Սա պետք է խաղաղություն հաստատելու և հակամարտությունը լուծելու պատճառ դառնար, մինչդեռ այն ագրեսիա հրահրելու և ևս մեկ ողբերգություն իրականացնելու կամք դրսևորեց: Քանի որ հիմա աշխարհը զբաղված է՝ մի մասը համավարակով, ԱՄՆ-ում, օրինակ, նախագահի ընտրություն է։ Եվ ինչու Ադրբեջանը հենց հիմա որոշեց հարձակվել Արցախի վրա․ նորից եմ կրկնում շատ կտրուկ բառով՝ որոշեց ցեղասպանություն իրականացնել: Հենց դրա համար ենք կարծում, որ պետք է արագ գործել:


- Վերջին հարցը: Ինչ-որ ուղերձ, ավելացնելու բան ունե՞ք՝ նաև լռող միջազգային հանրությանը:

- Կարծում եմ, որ Արցախի անկախության ճանաչումը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը շատ կարևոր են, քանի որ կարող են կանխել ոչ միայն այն դաժանությունները, որ այս օրերին ապրում է ժողովուրդը, բայց կարևոր է նաև, որպեսզի երկարատև խաղաղություն հաստատվի տարածաշրջանում: Եվ այդ խաղաղությունը պետք է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, նաև Ադրբեջանի ժողովրդին, ամբողջ Կովկասին: Հույս ունեմ, որ միջազգային հանրությունն այնքան ուժեղ կգտնվի, որ կձեռնարկի համապատասխան գործողություններ, որ խաղաղությունը պարտադրվի ու վերջնական լուծում տրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ու պետք է հաստատել, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու ու խաղաղ ապրելու սահմանադրական իրավունք ունի: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում