Պետական դավաճանության և լրտեսության մեկական դեպք է բացահայտվել
Ադրբեջանում այս պահին 17 հայ ռազմագերի կա, ևս երկուսի մասին տեղեկությունները ճշտվում են, տեղեկացրեց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետը։ Ռաֆայել Վարդանյանը չբացառեց, որ նրանք կարող են քաղաքացիական անձինք լինել։
Հայկական կողմն արդեն հստակ քայլեր է կատարել, դիմել ՄԻԵԴ՝ հրատապ միջոց կիրառելու պահանջով, որ հակառակորդը չխախտի հայ զինծառայողների՝ կյանքի ու առողջության անձեռնմխելիության իրավունքը։
Քննչական կոմիտում այս ընթացքում էլ երկու ադրբեջանցի ռազմագերի է հարցաքննվել։ Արդյոք հայկական կողմում գերեվարված ադրբեջանցիներն ընդամենը այդ երկուսն են, Վարդանյանն ասում է՝, հարցը ՊՆ լիազորության շրջանակում է։ Քննչական կոմիտում նաեւ ստուգել են, պարզել՝ համացանցում տարածված տեսանյութը, որտեղ իբր ադրբեջանցի գերին հայերեն է խոսում, իրական չէ։
Պատերազմի ընթացքում աղմկահարույց քրեական գործերից մեկին էլ ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձավ։ Խոսքը զինվորների շրջանում՝ մարտական դիրքերում կեղծ լուրեր տարածելու մասին է, թե իբր իշխանությունը հողերը ծախել է, կռվելն էլ անմիաստ է։ Արմեն Աբազյանի փոխանցմամբ՝ այս գործով մեկ անձ է ձերբակալվել՝ գաղափարի հեղինակը։
Իսկ ապատեղեկատվության իրական պատվիրատուն ով է եղել՝ հարցնում ենք ԱԱԾ տնօրենի տեղակալին։
Աբազյանի փոխանցմամբ՝ մինչև այսօր բացահայտվել է նաև պետական դավաճանության և լրտեսության մեկական դեպք։ Նախկին բարձրաստիճան զինվորականը գաղտնի տվյալներ է հավաքագրել ու փոխանցել հակառակորդին։ Մյուս դեպքում էլ օտարերկյա քաղաքացիները զորահավաքի, տրանսպարոտային շարժի ու տեխնիկայի մասին տվյալներ են ձեռք բերել։
Հայաստանի իրավապահ մարմինները հավաքել, կազմել են նաև ադրբեջանական ագրեսիան փաստող ապացույցների մի մեծ տրցակ։ Կան տվյալներ, որ վկայում են մարտական գործողություններին վարձկան ահաբեկիչների ու ջիհադիստների ներգրավվածության մասին։ Օրինակ՝ Սյունիքի մարզում հայտնաբերվել է հրազենի պատյան՝ ներսում արաբատառ ձեռագիր գրառմամբ։













