Իլհամ Ալիևի ելույթները՝ հակասական ու իրարամերժ

ՍՍոնա Աղբալյան

Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ) - Նրանք տեսան, որ ոչ մի ուժ աշխարհում մեզ չի կարող հեռացնել ճիշտ ուղուց: Աշխարհի որևէ երկիր չի կարող ազդել մեր կամքի վրա: Մենք հաղթում ենք, մենք առաջ ենք շարժվում:

Սա հատված է Ադրբեջանի նախագահի երեկվա 45 րոպե տևողությամբ ելույթից: Աշխարհին ու միջազգային հանրությանն այս ուղերձը հղող նախագահը շարունակում է պնդել, թե հրադադարը խախտողն իրենք չեն: Փաստորեն, երկրի նախագահը, որ համաձայնել էր ԱՄՆ միջնորդությամբ հրադադարի, դրանից մեկ օր անց հայտարարում է, որ իրեն ոչ մեկը չի կանգնեցնի, ասել է թե՝ Ալիևը ստում էր հենց սկզբից՝ նույնիսկ գնալով ԱՄՆ-ի նախաձեռնած բանակցությանը: Պատերազմի ամբողջ ընթացքում էլ նախագահն ասում էր, թե առաջինն իրենք չեն հարձակվել: Հոկտեմբերի 25-ին Ֆոքսնյուզին տված հարցազրույցում Ալիևը, կարծես, մոռացել էր դրա մասին և խոստովանեց. խոստովանեց նաև խաղաղ բնակիչների վրա հարձակվելու ռազմական հանցագործությունը:

Իլհամ Ալիև - Մեր հարձակումներն այնտեղ եղել են միայն մինչև հոկտեմբերի 9-ը: Դրանից հետո Լեռնային Ղարաբաղի որևէ քաղաքի խաղաղ բնակչության վրա մենք չենք հարձակվել:

Այսօր իտալական «Ռաի ԹիՎիի» հետ հարցազրույցում Ալիևը Մինսկի խմբի համանախագահներից էր բողոքում՝ այս տարիների ընթացքում նրանց աշխատանքն անարդյունք անվանում:

Իլհամ Ալիև, «Ռաի ԹիՎի» - Համանախագահները մոնոպոլիան իրենց ձեռքը վերցրին, և մենք տեսանք՝ դա ինչի հանգեցրեց 28 տարում: Ոչ մի առաջընթաց. նրանք փորձում էին սառեցնել հակամարտությունը:

Բացի այն, որ սա ևս մեկ փորձ էր Թուրքիային ներգրավելու բանակցային գործընթացում, նաև ակնհայտ բողոք էր անարյուն գործընթացից: Ի դեպ, չնայած միջազգային հանրության կոչերին ու առկա փաստերին, Ալիևն այսօր էլ վստահեցրեց, թե Թուրքիան ներգրավված չէ այս պատերազմում, և դրա մասին միայն Ռուսաստանն ու Ֆրանսիան են խոսում, իսկ Ադրբեջանում տեղաշարժվող F-16 կործանիչներն այնտեղ մնացել են պատերազին նախորդող զորավարժություններից: Կրեմլն այսօր նորից հիշեցրեց. Անկարան չի կարող ներգրավվել բանակցային գործընթացում, քանի որ այդ հարցը պետք է լուծվի միայն Հայաստանի և Ադրբեջանի կողմից համաձայնության և ցանկության դեպքում:

Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի մամուլի քարտուղար) - Այստեղ կարևոր է միայն երկու կողմի տեսակետը, նկատի ունեմ Ադրբեջանի և Հայաստանի: Քանի որ միայն հակամարտող երկրները կարող են համաձայնել կամ ցանկանալ այս կամ այն պետության մասնակցությունը կարգավորման գործընթացին:

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը նկատում է. Ադրբեջանը հույսը դրել է Թուրքիայի աջակցության վրա, և դիտորդների բացակայության պատճառով պարբերաբար խախտվում է հրադադարի պայմանավորվածությունը: Իսկ դիտորդներ չկան, քանի որ հենց Բաքուն չի համաձայնում հստակեցնել նրանց կազմը, այնպես, ինչպես չի համաձայնում ռուս խաղաղապահների գալուն:

Ի դեպ, դիտորդների, մոնիթորինգի մեխանիզմների անհրաժեշտությունը չանտեսելու կոչ ԱՄՆ պետքարտուղարին այսօր արել է կոնգրեսական Ֆրանկ Փալոնը: Մենք հստակ կիմանանք, թե ով է խախտել ԱՄՆ միջնորդությամբ պայմանավորված հրադադարը, եթե ադրբեջանցիները թույլ տան միջազգային դիտորդներին մշտադիտարկել շփման գիծը, ինչպես նախանշված էր 2015-ի Ռոյս-Էնգելի համաձայնությամբ՝ նշել է սենատորը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում