ԱԺ հերթական քառօրյան անդրադառնում է միայն ամենահրատապ և պատերազմի հետ կապ ունեցող հարցերին

ՀՀերմինե Բաղդասարյան

Հարգանքի տուրքից հետո խորհրդարանը սկսեց յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական քառօրյան: Օրակարգում թողել էին միայն 9 հարց՝ ամենահրատապն ու պատերազմի հետ կապվածները, ինչպես, օրինակ՝ բանկային ծանուցմանը վերաբերող լրացումը:

Արտակ Մանուկյան (ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Մենք փոփոխություն ենք արել, որ այս պատերազմի ընթացքում SMS ծանուցում չուղարկվի....

Կառավարության ներկայացրած փաթեթով խորհրդարանը պետգույքի մասնավորեցման ցանկից հանեց «Հայավտոկայարան» ընկերությունը: Դրա հիման վրա է երկրում ստեղծվելու մեկ միասնական տոմսով միասնական տրանսպորտային համակարգ: Ե՞րբ՝ ժամկետ չնշվեց: Մեկ այլ նախագծով հաստատվեց՝ բժշկական բազմաֆունկցիոնալ 47 մեքենա ձեռք բերելու ճապոնական դրամաշնորհը:

Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Դրամաշնորհը կազմելու է 3.8 մլն դոլար: Կառավարությունը նպատակահարմար է գտել այս գումարները ծախսել լիաքարշ բժշկական մեքենաների և շարժական կլինիկայի վրա: 

Պատգամավորներն առանց երկար քննարկելու վավերացրին՝ մարզային դպրոց-մանկապարտեզ-ճանապարհների նորոգման, նաև՝ Կապսի ջրամբարի կառուցման համար հատկացվող վարկերի նոր չափաբաժինները: Հերթը հասավ Հայաստան-Վրաստան էներգետիկ կապի համար ենթակայանի գումարին՝ «Լուսավոր Հայաստանից» ընդդիմացան՝ խառը այս ժամանակներում ինչո՞ւ ենք ավելացնում երկրի պարտքը:

Արկադի խաչատրյան (ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ուզում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել, որ այս տարվա պետական բյուջեի վերանայված ցուցանիշների համաձայն՝ նախատեսվում է Կառավարության պարտքը ավելացնել մինչև ՀՆԱ-ի 67 տոկոսը: 

Դդմաշենում շատ խոշոր փոխարկիչ է լինելու, դրա կառուցումն ուշացնելը թանկ կնստի երկրի վրա՝ պատգամավորներին փորձեց բացատրել փոխնախարար Վարդանյանը:

Հակոբ Վարդանյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար) - Դդմաշենի ուշացումը ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր միլիոնների վնաս է լինելու, քանի որ արևային կայանը, նաև ՋԷԿ-ը կառուցվում է հոսանքը պարտադիր գնելու պայմանով: 

Չհամոզեց. քննարկած նախագծերից խորհրդարանը միայն այս մեկը չընդունեց: Ի դեպ, Ազգային Ժողովն այսօրվանից նոր պատգամավոր ունի՝ Տիգրան Ուլիխանյանի փոխարեն «Իմ քայլից» մանդատ է ստացել Կարապետ Մխչյանը:

Օրակարգից դուրս՝ հերքվեց լուրը, թե Ճամբարակում զինվորներին տաքացնելու նպատակով Տավուշի անտառներից կտրած ծառերի համար քրեական գործ է հարուցվել: Վլադիմիր Վարդանյանը գործընկերներին գոտեպնդեց նաև՝ պատմության մեջ չկա պետություն, որ ռազմական հանցագործությամբ հասնի հաղթանակի:

Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մի օր Ադրբեջանը կանգնելու է Նյուրնբերգի առաջ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում