Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

ՌՌոզա Խաչատրյան

Ֆրանսիայի խորհրդարանի քաղաքական խմբակցությունները ներկայացնող պատվիրակությանը վարչապետ Փաշինյանը շնորհակալության խոսքով է ընդունել՝ ընդգծելով, որ նրանց բարեկամությունը գնահատելի է ոչ միայն այս դժվար պահին մեր երկրում նրանց ներկայությամբ, այլև գործուն աջակցությամբ: Վարչապետն առանձնահատուկ բարձր է գնահատում նախագահ Մակրոնի գործունեությունը:

Ֆրանսիացի խորհրդարանականներին վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ առաջնագծում վիճակը շարունակում է լարված մնալ, և հրադադարի միջնորդական ու դիվանագիտական բոլոր նախաձեռնություններն Ադրբեջանը մերժում է, մինչդեռ Հայաստանը պատրաստ է խնդրի փոխզիջումային կարգավորմանը: Վարչապետի գնահատմամբ՝ Ադրբեջանի այս ձեռագիրը բանակցային գործընթացում նորություն չէ:

Նիկոլ Փաշինյանը սա պատահականություն չի համարում՝ նշելով, որ ամեն անգամ հրադադարի մասին քննարկումների ընթացքում Թուրքիան արտգործնախարարի կամ նախագահի մակարդակով հայտարարում է, որ Ադրբեջանը չպետք է դադարեցնի մարտական գործողությունները:

Մինչև վարչապետի հետ հանդիպումը՝ ֆրանսիացի խորհրդարանականներն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ Եղեռնի նահատակների հիշատակին: Նրանց թվում էին նաև Ֆրանսիայի հայազգի խորհրդարանականներ Դանիել Կազարյանը և Գիյոմ Կասբարյանը:

Արցախի ճանաչման հարցն այսօր խորհրդարանական նախաձեռնությունների մեջ է, որն ստորագրել են քաղաքական տարբեր թևերի պատգամավորներ: Բայց մինչև այդ հարցի քննարկումը կա մի արտակարգ նշանակության հարց՝ կանգնեցնել պատերազմը, այսօր մարդիկ են զոհվում, պետք է դադարեցնել և անցնել հրադադարի: Եվ մեր պատգամավորական պատվիրակության մեծաքանակ լինելը ևս մեկ ապացույց է, որ մենք սատար ենք կանգնում և՛ Հայաստանին, և՛ Արցախի ժողովրդին:

Ֆրանսիական պատվիրակության անդամները հանդիպել են նաև հայ գործընկերների հետ, լսել Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում հայ խաղաղ բնակչության հանդեպ կիրառվող արգելված զինատեսակների, ռազմագերիների նկատմամբ վայրագությունների մանրամասները: Հայկական կողմը փաստել է, որ Արցախի խնդիրը ոչ թե տարածքի, այլ կյանքի իրավունքի հարց է, և որ այս ագրեսիայով փորձ է արվում փոխելու Մինսկի խմբի համանախագահների կազմը, ինչը բացարձակապես անընդունելի է հայկական կողմի համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում