Իսրայելի հյուպատոսության դիմաց հայ համայնքի ցույցին միացել են նաև հրեաները

ԼԼիլիթ Սեդրակյան

Ամերիկահայ երիտասարդները հերթական բողոքի ակցիան են կազմակերպել Ուիլշեր պողոտայում, որտեղ տեղակայված են դիվանագիտական ներկայացուցչություններ: Այս անգամ բողոքի հացեատերն Իսրայելի գլխավոր հյուպատոսությունն է: Հայ երիտասարդների պահանջն է՝ դադարեցնել աջակցությունն ագրեսորներին։

Սյուզաննա Աբրահամյան (Միացյալ հայ երիտասարդներ) - Նրանք գործարքի մեջ են Ադրբեջանի հետ և զենք-զինամթերք են վաճառում Ադրբեջանին, որն օգտագործվում է ոչ միայն մեր զինվորների դեմ, այլև Արցախի ենթակառուցվածքների դեմ։ Դա մեզ համար անհանդուրժելի է։

Ադրբեջանին զենք վաճառելու և ագրեսորին աջակցելու համար Իսրայելի կառավարությանն ուղղված մեղադրական վանկարկումներով հայ ցուցարարները փակել էին Ուիլշեր պողոտան՝ ասելիքը մատուցելով նաև խոսուն գրառումներով պաստառներով՝ «Հոլոքոստից տուժածներն աջակցում են ցեղասպանության իրագործմանը», «Իսրայելի վարչապետն աջակցում է ահաբեկությանը», «ԱՄՆ-ի լռության ներքո Թուրքիան մեկ այլ ցեղասպանություն է իրականացնում» և այլն։

Ժան Գոսակյան (համայնքային գործիչ) - Ամերիկյան հանրային դպրոցներում հայկական ուսումնական ծրագրի պատասխանատուներից մեկը նշում է՝ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին հավասարապես դասավանդում են հայ և ամերիկացի աշակերտներին, համեմատում դրանք և սովորեցնում դասեր քաղել այդ էջերից։ Այսօր հիասթափված ենք:

Միգանուշ Մելքոնյան (Ամերիկյան հանրային դպրոցների հայկական ծրագրի պատասխանատու) - Այսօր մենք նույն վիճակում ենք, ինչ դուք էիք․․․ կանգնե՛ք հայ ժողովրդի կողքին:

Հայ համայնքի բողոքի ակցիային մասնակցում էին նաև իսրայելական համայնքի ներկայացուցիչներ։

ENG  - Ես հրեա եմ։ Այս պահին, երբ մենք այստեղ հավաքված ենք, անմեղ կյանքեր են կորչում։ Ես այժմ խոսում եմ իմ պապի, տատի ու Հոլոքոստի զոհերի անունից։ Եթե նրանք այսօր տեսնեին՝ ինչ է կատարվում հայերի հետ, աշխարհին կոչ կանեին կանգնել հայերի կողքին և կանխել ևս մեկ ցեղասպանություն։ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց օրակարգն ունեն և ստիպում են հավատալ կեղծիքին։ Ես նախընտրում եմ հավատալ ճշմարտությանը։ Իսկ ճշմարտությունն այն է, որ պատմությունը կրկնվում է: Հայաստանում հերթական ցեղասպանությունն է տեղի ունենում, իսկ աշխարհը լուռ է։ Ես նախընտրում եմ կանգնել հայ ընկերներիս կողքին։ Իսկ դո՞ւք։

Հայ ցուցարարներն իրենց պահանջների մասին նամակը մտադիր են ամերիկյան մեդիայի միջոցով հասցնել Իսրայելի կառավարությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում