Գյումրվա կլկլան բաժակի պատրաստման գաղտնիքները

ՔՔրիստինա Մկրտչյան

Մուշուրբան գումրեցու բաժակն է, Գյումրիում ասում են՝ կլկլան։ Մյուսներից տարբերվում է այն յուրահատուկ ձայնով, որ լսվում է ջուր խմելիս: Գյումրիում կլկլան պատրաստելը մի քանի ճանաչված գերդաստանների արհեստն է, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ Ցոլակ Կոշտոյանը փորձում է պահպանել պապերից ժառանգած հմտությունը։

Ցոլակ Կոշտոյան - Ահեստավորից մինչեւ արվեստագետ` մի քայլ է, բայց այդ քայլը կարող ես կատարել կամ չկատարել, պետք է ստեղծագործական մոտեցում:

Կոշտոյանների կլկլաններն ասեղնագործ են։ Պապերից է սովորել հին Գյումրվա նախշերը: Վարպետ Ցոլակը նախշազարդում է մուշուրբան, հետո ղալամով քաշում։ Վարպետ Ցոլակը տան սենյակներից մեկը դարձրել է արվեստանոց: Այստեղ արհեստն ու արվեստը հաղորդակից են։ Համադրում է հինն ու նորը։ Մուշուրբան աչք ու ականջ է շոյում կոշտոյանական տեխնոլոգիայի շնորհիվ։

Մինչ ղալամ քաշելը կտորները զոդում-նախշազարդում է, վերջում էլ փայլեցնում է։ Մեկ մուշուրբան պատրաստում է ամենաքիչը 20 օրում, բացառապես արծաթից, երբեմն էլ՝ ոսկեջրում։

Ցոլակ Կոշտոյան - Ես պատրաստում եմ հիմնականում արծաթից, կաղապարները 120 տարվա պատմություն ունեն, չեմ կարող լատումի վրա օգտագործել, սրանք արժեք են։ Ես ժառանգել եմ հորիցս, հայրս` պապիցս, պապս էլ` չգիտեմ, հայրը եկել է Էրզրումից, գործիքների մի մասը այնտեղից է։

Պապին չի տեսել, նրա գործիքներով սկսել է աշխատել դեռ մանկուց: Հետո դպրոցական տարիներին՝ ուսանողության շրջանում, ավելի շատ է արժեվորել մասնագիտությունն ու պապենական ժառանգությունը։ Մտածում է դրանք հիմա էլ իր սերունդներին կտակելու անհրաժեշտության մասին։

Վարպետ Ցոլակը շատ ճանաչված մարդկանց համար է պատրաստել մուշուրբա, հատուկ սիրով է նվիրել Հռոմի պապի և Սպիվակովի մուշուրբաները։ Սա վարպետ Ցոլակի համար կյանքի մասնագիտություն է։ Սերն ու կարոտն օգնում են ավելի ստեղծագործաբար մոտենալ արհեստին, ավելի շատ գնահատել այն և թողնել պապենական գործի ինքնատիպ ձեռագիրը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում