ԼԼիլիթ Սեդրակյան

Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիբանան աշխատանքային այցի երկրորդ օրը

Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիբանան աշխատանքային այցի երկրորդ օրը

Օգոստոսի 10-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Լիբանանի ազգային առաջնորդարան և հանդիպում ունեցել Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ գլխավոր հանձնակատարը նախ խոսել է Հայաստանի կողմից Լիբանանի կառավարությանը և հայ համայնքին ցուցաբերվող մարդասիրական օգնության մասին, նշել, որ այս այցի նպատակներից է նաև տեղում լիբանանահայ համայնքի վիճակին ծանոթությունը:

Թեմի առաջնորդը, ներկայացնելով համայնքային պատկերը, ընդգծել է, որ լիբանանահայությունը բազմաթիվ դժվարություններ է տեսել և այս մեկն էլ կկարողանա հաղթահարել:

Զարեհ Սինանյանն անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հատուկ լիբանանահայերի համար նախաձեռնված դրամահավաքին: Կողմերը քննարկել են հնարավոր աջակցության ուղղությունները, հատկապես կարևորել կրթօջախների վերականգնումը:

Հանդիպմանը ներկա են եղել հայաստանյան պատվիրակության անդամները:

Հագեցած օրակարգով այցի ընթացքում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հաջորդ այցը Բեյրութի Շաղզոյան կենտրոն էր, որի ընթացքում նա հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել դեսպան Վահագն Աթաբեկյանը և հայաստանյան պատվիրակության անդամները:

Զարեհ Սինանյանը ներկայացրել է այցի նպատակը և ընդգծել, որ կարևորում է համայնքային կառույցների և լիբանանահայության հետ ուղղակի շփումները և անմիջական հանդիպումների միջոցով խնդիրների վերհանումը:

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը պայթյունից հետո արագ արձագանքի և հոգեպես ու ֆիզիկապես համայնքի կողքին լինելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ համայնքին առնչվող թեմաներ:

Զարեհ Սինանյանը այցելել է նաև Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցության լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ և հանդիպում ունեցել ատենապետ Սեպուհ Կալպակյանի հետ: Վերջինս ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մշտական կապի մեջ է համայնքի հետ, ինչն այս պայմաններում շատ կարևոր է: Այնուհետ ատենապետը ներկայացրել է ՍԴՀԿ գործունեությունը Լիբանանում և Հայաստանում, մանրամասնել իրենց աշխատանքները:

Գլխավոր հանձնակատարն անդրադարձել է լիբանանյան այցի նպատակներին, վերահաստատել Լիբանանի և հայ համայնքի կողքին կանգնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: Նա նաև նշել է, որ վնասված 1-2 շինություն կվերականգնվի Հայաստանի միջոցներով: Զարեհ Սինանյանը ներկայացրել է նաև հայրենադարձության ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերը, մասնավորապես՝ «Հայրենադարձության մասին» օրենքի նախաձեռնությունն ու հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման աշխատանքները:

Այնուհետ պատվիրակության անդամները շրջայց են կատարել Սուրբ Գևորգ եկեղեցում, հարակից բժշկական կենտրոնում, զրուցել են պայթյունից տուժած համայնքային ներկայացուցչի հետ:

Գլխավոր հանձնակատարն առանձին շրջայց է կատարել Լիբանանի «Թեքեյան» մշակութային կենտրոն: 

Այցելություն է եղել նաև Լիբանանի ՀԲԸՄ գրասենյակ, և գրասենյակի ղեկավար Ջերարդ Թուֆենկյանի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունեցել բարեգործականի անդամների հետ: Զարեհ Սինանյանին է ներկայացվել համահայկական կառույցի լիբանանյան մասնաճյուղի գործունեությունը, պայթյունից հետո իրականացված աշխատանքը: ՀԲԸՄ գրասենյակը կատարել է լիբանանահայ 400 ընտանիքի կարիքի գնահատում, որի հիման վրա պետք է ցուցաբերվի համապատասխան աջակցություն: 

Հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ իրենց գրասենյակը արդյունավետորեն աշխատում է ՀԲԸՄ-ի հետ, և համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանահայ համայնքի խնդիրները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում