ՆՆարե Ոսկանյան

Ցեղասպանությունից վերապրած պապի թոռն այսօր Մինեսոտա համալսարանում «Հայոց ցեղասպանություն» է դասավանդում

Ցեղասպանությունից վերապրած պապի թոռն այսօր Մինեսոտա համալսարանում «Հայոց ցեղասպանություն» է դասավանդում

«Իմ ու պապիկիս այս նկարը իմ ամենաթանկ գանձերից մեկն է: Նա վերապրեց Հայոց ցեղասպանությունից՝ ականատես լինելով իր ծնողների և քույրերի դաժան սպանությանը»,- պատմում է լուսանկարում պատկերված տղան, որն այսօր Միացյալ Նահանգների Մինեսոտա համալսարանում Հոլոքոստի և Ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող է։ 1lurer.am-ի հետ զրույցում Արտյոմ Տոնոյանը պատմեց՝ Հայոց ցեղասպանության ժամանակակից հետևանքների վերաբերյալ դասընթաց է դասավանդում։

                                    

Պապը՝ Գրիգոր Տոնոյանը, ծնվել է մոտ 1909 թվականին Կարսի գավառի Մազրա գյուղում: Արտյոմն ասում է՝ պապը չի սիրել իր հետ ցեղասպանության թեմաներով զրուցել, բայց հորաքույրերը պատմել են։ 

«Պապս ծնողների ու մեծ քրոջ սպանությունը տեսել է անձամբ, եղբորը սպանված գտել է իրենց գոմում:  Մեծացել է իմ էրզրումցի տատի հետ, Ալեքպոլի Ամերկոմի որբանոցում»:

Պատմում է, որ պապը ոչ մի իր չի ունեցել ընտանիքից: Հազիվ փախել է ու հասել Ալեքսանդրապոլ։ Ինքը՝ Արտյոմ Տոնոյանը, Մինեսոտա նահանգի հոգևոր հովիվներից Տեր Թադևոս Բարսեղյանի և գրող, լրագրող Լու Էնն Մաթոսյանի հետ նախորդ տարի նախաձեռնել ու ճանապարհորդող ցուցահանդես է կազմակերպել։ Փնտրել են նահանգում բնակվող ցեղասպանությունից վերապրածների թոռների, որոնք ունեն նկարներ, տարբեր իրեր, որոնք նրանց պապերը ցեղասպանությունից փախչելուց հետո բերել են իրենց հետ։ Արտյոմը ծրագրի տեխնիկական ասպեկտներով է զբաղվել՝ նկարել, նկարները մշակել։ Դրանք արդեն մի շարք թանգարաններում են ցուցադրված։

Մասնագիտությամբ սոցիոլոգը նշում է, որ հիմնականում ուսումնասիրում է կրոնի դերը միջազգային հակամարտություններում: Արդեն 20 տարի է՝ Միացյալ Նահանգներում է ապրում ու դասավանդում է Հայոց ցեղասպանության ժամանակակից հետևանքներին վերաբերող թեմաներ:

«Ցեղասպանության թեման, ճիշտն ասած, երիտասարդ տարիքում այնքան էլ չէր հետաքրքրում, բայց այստեղ՝ համալսարանում, անակնկալի եկա, երբ Առաջին համաշխարհայինի մասին դասախոսությունների ժամանակ այդ թեման նույնիսկ չշոշափվեց: Դասագրքում այդ մասին ընդհանրապես ոչինչ չկար։ Երևի դա ինձ ստիպեց այդ թեմայով հետաքրքրվել ակադեմիական կերպով»

Տոնոյանն ասում է, որ Հայաստանը դատապարտված է հարևանություն անել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Եվ եթե հարևանություն անելու հարցում կարող ենք համակերպվել, ապա նրան, ինչ արվել է հայ ժողովրդի հանդեպ, անհնար է։ Ապա ավելացնում է՝ Թուրքիայի կառավարությունը նախևառաջ պետք է կառուցողական քայլ անի ու բացի սահմանները՝ առանց որևէ նախապայմանի, և սկսի տնտեսական գործակցության լիակատար կոնտեքստ։ Սա չի նշանակում ցեղասպանությունը մոռացության տալ կամ նրա պատմական դրույթների վերանայում, այլ՝ պատմական արդարության վերականգնման առաջին փուլ է միայն։

«Մեր համալսարանում, մեր կենտրոնի գործունեության ու գործընկերների գործունեության շնորհիվ շատ ուսանողներ գիտեն Հայոց ցեղասպանության մասին, բայց բարձրագույն կրթական համակարգը Միացյալ Նահանգներում շատ է տարբերվում Հայաստանի կրթական համակարգից։ Ուսանողների պատրաստվածությունը և ընկալումն այս և նման թեմաների շուրջ տարբերվում են նահանգից նահանգ, քաղաքից քաղաք»:

Արտյոմ Տոնոյանն իր դասախոսություններում նաև հայ սոցիալ-քաղաքական տարբեր խնդիրների է անդրադառնում։ Ասում է՝ ցեղասպանության թեմայով դեռ գիրք չի գրել, բայց հայ-ադրբեջանական հակամարտության թեմայով գիրքն այժմ վերջնական փուլում է, և հուսով է՝ շուտով լույս կտեսնի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում