ՆՆարե Ոսկանյան

Աշխատատեղերի ստեղծման առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է․ Փաշինյան

Աշխատատեղերի ստեղծման առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցությանը ընդգծեց, որ արդեն ընդունվել են 9 հակաճգնաժամային գործողություններ։ Դրանցից հինգն ունեն սոցիալական բնույթ, չորսը՝ տնտեսական։ Վարչապետն ընդգծեց, որ Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության։ Նշեց, որ սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարման համար պետք է լուծեն խնդիրը աշխատատեղերի ստեղծմամբ այն պահից սկսած, երբ այդ լուծումը համաճարակային առումով կդառնա հնարավոր։ 

«Մենք գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և Կառավարությունը պետք է խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը։ Աշխատատեղերի ստեղծման առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է և կապիտալ ծախսերի հնարավոր մեծացումը»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ այսօր Կառավարության աշխատանքը բաժանվել է երկու հիմնական մասի։ Առաջինը պարետատան գործունեությունն է, որի առաջ դրված է խնդիր՝ վարակի հետագա տարածումը հսկողության տակ առնելու և օր առաջ պայմաններ ստեղծելու, որպեսզի ավելի շատ հիմնարկներ, ձեռնարկություններ հնարավորություն ունենան աշխատելու։ Նշեց, որ դա պետք է այնպես արվի, որ ավելի շատ տնտեսական գործունեության դաշտ բացվի, բայց առանց համաճարակային բռնկման։ Նշեց, որ խնդրի լուծումն ինչ-որ առումով իրատեսական դարձնելու համար էլ կատարվեցին արտակարգ ռեժիմի իրավական կարգավորումները։  

Վարչապետը հայտնեց, որ երկրորդ ուղղությունը, որով աշխատում է Կառավարությունը, սոցիալական, տնտեսական աջակցության միջոցառումների մշակումն ու ընդունումն է, կապիտալ ծախսերի խթանումը։ Ասաց՝ կապիտալ ծախսերի խթանման ուղղություններով  պատասխանատուներ են և նախարարները,  և գերատեսչությունների ղեկավարները:

«Հայաստանում միշտ քրոնիկ կապիտալ ծախսերի թերակատարման պրակտիկա է եղել, բայց նոր իրավիճակում՝ համաճարակային պայմաններում, կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը և դրա հնարավոր շրջանակի ընդլայնումը առանձնահատուկ նշանակություն են ստանում»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս նոր պայմաններում կապիտալ ծախսի չկատարման ամեն տոկոսը կոնկրետ մարդիկ են, ընտանիքներ, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում։ «Մեր տնտեսական ուղղության խնդիրը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է»,- ասաց վարչապետը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում