ՆՆարե Ոսկանյան

Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտողի պատիժը կխստացվի

Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտողի պատիժը կխստացվի

Ազգային ժողովում քննարկվում է Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների  օրենսգրքում լրացումների փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:

«Տույժի ենթարկվելուց հետո մեկ օրվա ընթացքում արտակարգ դրության սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածած հրապարակումը չհեռացնելը կրկին տուգանք է սահմանում՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով: Լրացվում է նաև արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը»,- ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: 

Արդարադատության նախարարը ներկայացրեց, որ փաթեթով նախատեսվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման և տարածման կանոնները խախտելը: «ԶԼՄ» հասկացությունը փոխարինվել է «լրատվական գործունեություն իրականացնող» հասկացությամբ, որպեսզի ավելի լայն ընդգրկում ունենա:

Կառավարությունն այս պահին քննարկում է խոսքի ազատության սահմանափակման փոփոխություն կատարելու նախաձեռնությունը:

Արդարադատության նախարարը ներկայացրեց նաև, թե ինչ բացատրություն է տրվել  ինքնամեկուսացման և մեկուսացման հասկացություններին:

«Մեկուսացում է համարվում անձանց՝ այդ թվում հիվանդի կամ վարակվածի, նրանց հետ շփված անձանց կոնտակտավորների առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց կոնտակտավորների առանձնացումը իրենց մշտական բնակության կամ նախընտրությամբ մեկ այլ վայրում այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով»,- ներկայացրեց Բադասյանը: 

«Քրեական օրենսգրքում» առաջարկվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները, ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում: Այդ դեպքում որպես պատիժ նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում