ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ-ն ընդունեց հակառակորդի գործողությունից տուժած զինծառայողներին փոխհատուցում տալու նախագիծը

ԱԺ-ն ընդունեց հակառակորդի գործողությունից տուժած զինծառայողներին փոխհատուցում տալու նախագիծը

ԱԺ քառօրյան շարունակվում է: Խորհրդարանն այսօր հավանություն տվեց մի շարք նախագծերի:

Ազգային ժողովը միաձայն՝ 110 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

111 կողմ և 1 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Պետական նպաստների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև Կառավարության ներկայացրած «Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը»:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն:

Առաջին ընթերցմամբ էլ խորհրդարանն ընդունեց «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Դեղերի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, 93 կողմ 12 ձեռնպահ ձայներով:

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ նույնպես ընդունվեց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին, և հույս հայտնեց, որ Սահմանադրության հակասությունը, որը որևէ տարբերակում չի դնում հաշմանդամության խմբերի համար խորհրդարանը կվերականգնի այդ անարդարությունը:

Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած «Էներգետիկայի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քվեարկության ժամանակ նախագծի համահեղինակ Արտակ Մանուկյանն առաջարկեց դեմ քվեարկել, հետո կողմ, որ նախագիծը գնա առաջին ընթերցման ռեժիմ, որպեսզի ժամկետի փոփոխություն արվի: Նախագիծը չընդունվեց:

Կառավարության ներկայացրած «Միաջուկային կամ ճառագայթաքյին վթարի առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստակամության ապահովման ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն:

«ԱՊՀ շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների և դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը նույնպես ընդունվեց միաձայն:

114 կողմ ձայներով Կառավարության ներկայացրած «Նյութական պահուստի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց:

«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ նույնպես ընդունվեց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում