ԱԱրսեն Մկրտչյան

Մեր երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ. ՀՀ վարչապետը՝ Մոլդովայի խորհրդարանի նախագահին

Մեր երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ. ՀՀ վարչապետը՝  Մոլդովայի խորհրդարանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է տիկին Գրեչանիի այցը Հայաստանը՝ նկատելով, որ վերջին շրջանում երկու երկրների միջև հաճախակի են տեղի ունենում բարձր մակարդակի հանդիպումներ ու փոխայցելություններ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ Հայաստանն ու Մոլդովան շահագրգիռ են զարգացնելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում:

«Նախատեսվում է իմ պաշտոնական այցը Մոլդովա: Մինչ այդ երկկողմ միջկառավարական հանձնաժողովը կաշխատի օրակարգի շուրջ՝ այցն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Մեր երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, պետք է աշխատենք նաև տնտեսական փոխգործակցության խթանման ուղղությամբ»,- ասել է վարչապետը՝ կարևորելով նաև բիզնես ֆորումների անցկացումը՝ գործարար կապերի խթանման նպատակով:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև հայ-մոլդովական միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքական, այլ նաև հումանիտար և մշակութային հարաբերությունների ամրապնդմանը:

Զինաիդա Գրեչանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր երկիրը շահագրգիռ է նոր թափ հաղորդելու Հայաստանի հետ փոխգործակցությանը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսության ոլորտում:

Խորհրդարանի նախագահն անդրադարձել է Մոլդովայի տնտեսությունում, օրենսդրական դաշտում տեղի ունեցող փոփոխություններին և շնորհակալություն հայտնել ՀՀ Կառավարությանը՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների փորձն իրենց հետ կիսելու պատրաստակամության համար:

Միաժամանակ, խորհրդարանական պատվիրակության անդամները ոգևորիչ են համարել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն ու ՀՀ Կառավարության կողմից բարեփոխումներն առաջ մղելուն ուղղված հետևողական քայլերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-մոլդովական հարաբերություններին առնչվող այլ հարցերի ևս:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում