ՆՆարե Ոսկանյան

ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց ԲՈՒՀ-երում սպասվող բարեփոխումները

ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց ԲՈՒՀ-երում սպասվող բարեփոխումները

«Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումները» խորհրդարանական լսումների ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ բացակայում են բարձրագույն կրթության երրորդ մակարդակում միջազգային արդի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման օրենսդրական հիմքերը: «Փաստացի չի գործում բարձրագույն կրության եռաստիճան համակարգը, և պահպանվում է գիտական աստիճանաշնորհման՝ ԽՍՀՄ-ից ժառանգված երկաստիճանությունը: Բարձրագույն կրթության ծրագրերն իրականացվում են կոշտ սխեմաներով՝ զուրկ լինելով գիտական առաջընթացից: Որոշ առարկաների առկայությունը պարտադրվում է ուղղակի օրենսդրորեն՝ անկախ կրթական ծրագրի նպատակից և վերջնարդյունքից: Շարունակում է պահպանվել առկա և հեռակա ուսուցման համակարգերի կրթության կազմակերպման ժամանակավոր բաժանումը: Բացակայում է ուսանողների հնարավորությունը՝ մասնակցել իրենց կրթական ծրագրերի ձևավորմանը, ընտրել ուսումնառության բեռնվածությունը, տևողությունը՝ ըստ իրենց անհատական ունակությունների, աշխատանքների զբաղվածության»,- ընդգծեց նախարարը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պահպանվում է բուհերի ֆինանավորման սխեման՝ ըստ ուսանողների թվի գործող օրենսդրությամբ, և չի պահպանվում բուհերի պատշաճ ֆինանսական ինքնավարությունը: Օրենսդրորեն լիարժեք կարգավորված չեն բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների իրացման երաշխիքները:

Նախարարը ներկայացրեց, թե նոր օրենսդրական նախագծով բուհերին և գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման ինչ սկզբունքներ են առաջարկվում՝

  1. ինստիտուցիոնալ բազային ֆինանսավորում՝ ենթակառուցվածքների զարգացման, նորարարական ծրագրերի, գիտական հետազոտությունների որակի բարելավման նպատակով պետական ուսանողական կրթաթոշակների տրամադրում, կրթաթոշակի ձևով ուսման վարձի փոխհատուցում, մրցակցային ֆինանսավորում նորարարական նպատակային ծրագրերի համար՝ մրցութային հիմունքներով:
  2. ԲՈՒՀ-ի և գիտական կազմակերպության գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմներ են սահմանվում՝ ապահովելով հաստատության հաշվետվողականությունը պետության և հասարակության առջև:
  3. Անհրաժեշտ հիմքեր են դրվում գիտահետազոտական կազմակերպությունների և բուհերի համագործակցության և աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպությունների ինքնուրույն գործելու, բուհերի կազմում գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկելու իրավական հիմքեր ստեղծելով:
  4. Օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրրոդ աստիճան, կրթական ծրագիր:
  5. Բարձրագույն կրթության հիմնական ծրագրերն ըստ կրթական մակարդակների կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևով:
  6. Երկու և ավելի բուհեր, այդ թվում՝ օտարերկրյա, կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագիր և շնորհել բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորում, որը հավաստում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական ավարտական փաստաթղթով:
  7. Առանձին դասընթացներ կամ թեմաներ կմշակվեն, և ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը կնպաստի բարձրագույն կրթության միջազգայնացմանը:
  8. Պետական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվում են ոչ թե ըստ բուհերի՝ այլ ըստ ակադեմիական ոլորտների: Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի կողմից կազմակերպվող ընդունելության մրցույթին՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, և տարբեր բուհերի՝ նույն ակադեմիական կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ:
  9. Կրթության որակը հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով անկախ բուհերի կազմակերպման՝ բակալավրի որակավորման կրթական ցանկացած ծրագրով քաղաքացիների բուհ ընդունվելու համար սահմանվում է հայոց լեզու առարկայի պարտադիր քննությունը:
  10. Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից վեցը՝ բուհի ներկայացուցիչներից, այդ թվում 1-ը՝ ուսանող, 6-ը՝ գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, ոլորտի ներկայացուցիչներից: Պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունն արգելվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում