Կայուն և զարգացած համայնքների հիմքում պատասխանատու, թափանցիկ ու մասնակցային կառավարումն է. Խուդաթյան

Կայուն և զարգացած համայնքների հիմքում պատասխանատու, թափանցիկ ու մասնակցային կառավարումն է. Խուդաթյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ։

Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը Հայաստանի ժողովրդավարական պետության կայացման, հանրային կառավարման ապակենտրոնացման և համայնքների զարգացման կարևորագույն քայլերից էր։ Երեք տասնամյակների ընթացքում համակարգն անցել է զարգացման և բարեփոխումների նշանակալի ճանապարհ՝ դառնալով մեր պետական կառավարման կարևոր բաղադրիչներից մեկը։

Տեղական ինքնակառավարման արդյունավետությունը չափվում է առաջին հերթին քաղաքացիների կյանքի որակի բարելավմամբ, համայնքային խնդիրների լուծման արդյունավետությամբ և բնակիչների՝ իրենց համայնքի զարգացմանը մասնակցելու իրական հնարավորություններով։

Այս համատեքստում կարևորում ենք համայնքների կարողությունների զարգացումը, կառավարման արդյունավետության և հաշվետվողականության բարձրացումը, հանրային ծառայությունների որակի ու հասանելիության բարելավումը։

Համայնքների խոշորացման գործընթացին զուգահեռ՝ շարունակական է լիազորությունների ապակենտրոնացման, համայնքային կառավարման ամրապնդման և տեղական ժողովրդավարության զարգացման բարեփոխումների օրակարգը։

Մենք համոզված ենք, որ կայուն և զարգացած համայնքների հիմքում պատասխանատու, թափանցիկ ու մասնակցային կառավարումն է, որտեղ քաղաքացին ոչ միայն հանրային ծառայությունների շահառու է, այլև իր համայնքի զարգացման գործընթացի ակտիվ մասնակից։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին՝ իրենց ամենօրյա աշխատանքի, պատասխանատվության և համայնքների զարգացման գործում ներդրած ավանդի համար։

Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի, արդյունավետ համագործակցության և շարունակական բարեփոխումների միջոցով կարող ենք ձևավորել ավելի կարողունակ համայնքներ, ամրապնդել տեղական ժողովրդավարությունը և ապահովել քաղաքացիների կյանքի որակի շարունակական բարելավումը։

Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք, նոր ձեռքբերումներ և հաջողություններ՝ ի շահ մեր համայնքների և Հայաստանի Հանրապետության զարգացման»,– ասված է ուղերձում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում