Քնեսեթի ընտրություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների։ Նեթանյահուն հավելել է, որ պատրաստ կլինի գլխավորել այն՝ հաշվի առնելով, որ իր «Լիկուդ» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ստացել է ամենաշատ ձայները։
Նրա խոսքով՝ չեն դիտարկում արաբական կուսակցություններին, քանի որ դրանք, ըստ գործող վարչապետի, աջակցում են ահաբեկչությանը և ժխտում հրեական պետության գոյությունը։
Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը հայտարարել է, որ չի միանա Նեթանյահուի գլխավորած կառավարությանը, նույնիսկ եթե նրան այդ մասին խնդրի Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ Այզենկոտը մեղադրել էր Նեթանյահուին հոկտեմբերի 27-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վարկաբեկելու փորձի համար։
Օրերս Իսրայելում քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո հայտարարվեց, որ առաջատար է գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի կենտրոնամետ-աջակողմյան «Լիկուդ» կուսակցությունը։ Սակայն ո՛չ «Լիկուդ»-ին, ո՛չ էլ նրա հիմնական մրցակցին՝ կենտրոնամետ «Յաշար» կուսակցությանը, չի հաջողվել մեծամասնություն ստանալ։ Այսպիսով՝ Նեթանյահուի կուսակցության գլխավորած դաշինքը Քնեսեթում կարող է ստանալ 53 տեղ, իսկ ԳՇ նախկին պետ Գադի Այզենկոտի ընդդիմադիր կուսակցության գլխավորած դաշինքը՝ 48 մանդատ։ Ռեկորդային թվով՝ 19 տեղ կստանան արաբական ուժերը։ Մեծամասնության համար անհրաժեշտ է 61 տեղ։ Եթե ի վերջո կողմերից որևէ մեկին չհաջողվի կառավարություն ձևավորել, Քնեսեթի նոր ընտրություններ կնշանակվեն։










