Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 125-րդ կմ հատվածում կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ պարզվել է, որ Մալիշկա գյուղի բնակիչ 53-ամյա վարորդը թմրանյութ էր օգտագործել, իսկ մեքենան գողացել էր Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցից։
Պարեկները պարզել են, որ մեքենան պատկանում է Վերնաշեն գյուղի 35-ամյա բնակչին։
53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մալիշկա գյուղի բնակիչ 53-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։










