Կարմիր նոր անձնագրեր՝ կապույտի փոխարեն:
Հայաստանն անցում է կատարում բիոմետրիկ նոր փաստաթղթերի, որոնք միայն գույնով չէ, որ տարբերվելու են հնից: Նոր սերնդի, բարձր պաշտպանվածությամբ փաստաթղթերի համեմատ գործող անձնագիրը թուղթ են համարում ոլորտի պատասխանատուները, շեշտում՝ այն բավականին անպաշտպան է ու ժամկետանց տեխնոլոգիաներով պատրաստված, մինչդեռ նոր անձնագրերը փոխճանաչելի են լինելու աշխարհում:
Իսկ ինչպե՞ս պետք է քաղաքացին ստանա նոր փաստաթղթերը:
Հայաստանում սկզբնական շրջանում 14 կենտրոն է բացվելու, որտեղ այցելելուց առաջ քաղաքացին կարող է ցանկացած տեղից, ցանկացած ժամի նախագրանցել անձնական տվյալները: Մոտենալով գրասենյակ՝ անձը րոպեների ընթացքում հանձնելու է մատնահետք, ստորագրություն, լուսանկարվելու է և վերջ:
Փաստաթուղթը կտրամադրվի 14-րդ աշխատանքային օրը: Նոր գրասենյակներին զուգահեռ՝ սկզբնական շրջանում մարդիկ կկարողանան հին անձնագրայիններում խորհրդատվություն ստանալ: Դեռևս կշարունակեն գործել նաև հին փաստաթղթերը:
Թեև նոր անձնագրային ծառայությունները մատուցելու է մասնավորը, սակայն պետությունն է որոշելու՝ տվյալ անձը կարո՞ղ է ստանալ անձնագիր կամ նույնականացման քարտ, թե՞ ոչ: Նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ համակարգը մեծամասշտաբ է և կպահանջի ժամանակ, որպեսզի հղկվեն բոլոր խնդիրները:
Վստահեցնում է՝ ունեն հանձնառություն ամենօրյա ռեժիմով մոնիտորինգի տակ պահելու գործընթացը։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան












