ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը հոկտեմբերի 16-ին մասնակցել է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի առաջատար Mining Armenia Forum 2026 միջոցառմանը, որն այս տարի անց է կացվում «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքո։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:
Ֆորումն այս տարի համախմբել է հանքարդյունաբերության և հարակից ոլորտների շուրջ 50 խոսնակների՝ միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, քաղաքականություն մշակողներ, կայունության ոլորտի փորձագետներ, տեխնոլոգիական մատակարարներ, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Տիգրան Գասպարյանը համաժողովի ընթացքում որպես բանախոս հանդես է եկել «Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում» պանելային քննարկմանը։
Բանախոսներն անդրադարձել են Հայաստանի հանքային և երկրաբանական ներուժին, ներդրումային գրավչությանն ու կայունության ցուցանիշներին, կարգավորումների կանխատեսելիությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու հանրային ակնկալիքներին, տարածաշրջանային և միջազգային հանքային հումքի մատակարարման շղթաներին։
Mining Armenia Forum 2026 միջոցառման կազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։
Պանելային քննարկմանը որպես բանախոս մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և «Լիդիան Արմենիա»-ի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։










