Plug and Play Armenia-ի ստարտափների աջակցության նախաաքսելերացիոն ծրագրի չորրորդ խմբի (Batch 4) մասնակցության համար ստացվել է 157 հայտ։ Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:
Ծրագրի նպատակն է աջակցել վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափներին՝ զարգացնելու արտադրանքը, ամրապնդելու բիզնես մոդելը, պատրաստվելու շուկա դուրս գալուն և բարձրացնելու ներդրումային գրավչությունը։
Ծրագրի չորրորդ խմբի համար 157 դիմորդներից ընտրվելու է 10–15 ստարտափ ընկերություն։ Մասնակիցները երեք ամիս շարունակ հնարավորություն կունենան աշխատելու միջազգային փորձառու մենթորների հետ, ստանալու անհատական խորհրդատվություն և գործնական գիտելիքներ, ինչպես նաև պատրաստվելու զարգացման հաջորդ՝ աքսելերացիոն կամ ներդրումային փուլերին։
Ծրագիրը կիրականացվի առկա ձևաչափով՝ շաբաթական երեք օր՝ երկուշաբթիից չորեքշաբթի։
Plug and Play Armenia-ի նախաաքսելերացիոն ծրագրի չորրորդ խմբի մեկնարկը նախատեսված է 2026 թվականի նոյեմբերին։
«Հայտերի մեծ թիվը փաստում է Հայաստանի ստարտափների և նորարարական թիմերի շրջանում ծրագրի նկատմամբ ձևավորված մեծ հետաքրքրության մասին՝ ընդգծելով միջազգային փորձի և շուկա դուրս գալու հնարավորությունների նկատմամբ առկա պահանջարկը»,- ասված է հաղորդագրությունում։









