Շիրակի մարզպետը դիտարկել է Գյումրու Շահումյան փողոցում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքը

Շիրակի մարզպետը դիտարկել է Գյումրու Շահումյան փողոցում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ դիտարկել է Գյումրու Շահումյան փողոցում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքը։

Ինչպես հայտնել է մարզպետի աշխատակազմը, մարզպետը հետևել է իրականացվող աշխատանքների ընթացքին և շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ զրույցում ընդգծել է դրանց որակով, սահմանված պահանջներին համապատասխան և նախատեսված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը։

«2026 թվականին նախատեսվում է շուրջ 15 կմ ճանապարհահատվածների միջին նորոգում՝ զուգահեռաբար շարունակելով նաև հիմնանորոգման ծրագրերը։ Գյումրու Շահումյան փողոցը քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող և երթևեկության համար մեծ նշանակություն ունեցող ճանապարհներից է, հետևաբար այստեղ իրականացվող աշխատանքների որակն ու պատշաճ կատարումը առանձնահատուկ նշանակություն ունեն։ Միջին նորոգումը հնարավորություն է տալիս ոչ միայն բարելավել ճանապարհի ներկայիս վիճակը, այլև երկարացնել ասֆալտբետոնե ծածկի ծառայության ժամկետը՝ ապահովելով դրա ավելի երկարատև շահագործումը։

Փողոցներից հեռացվող հին ասֆալտբետոնե շերտը նույնպես արդյունավետ օգտագործելու հնարավորություն ունենք։ Այն տեղափոխվում և կիրառվում է քաղաքի այն հատվածներում, որտեղ առաջնահերթ խնդիր է ճանապարհի անցանելիության ապահովումը։ Այս մոտեցումը թույլ է տալիս առավել արդյունավետ կառավարել առկա ռեսուրսները և մինչև հիմնանորոգման աշխատանքների իրականացումը գործնական լուծումներ տալ նաև այլ փողոցների խնդիրներին»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։

Միջին նորոգման աշխատանքները շարունակվելու են Մուշ թաղամասում՝ հասնելով մինչև Կուրսի զբոսայգի, իսկ Գյումրիում ճանապարհաշինական ծրագրերը փուլային եղանակով ընդգրկելու են քաղաքի տարբեր փողոցներն ու թաղամասերը։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©