Միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին

Միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան Մշակութային կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Լազարյանների հանդիսությունների սրահում բացվել է միջազգային փաստագրական ցուցահանդես՝ «Հանդիպումներ Լազարյան ճեմարանում» խորագրով: Այն ներկայացնում է Ա. Սպենդիարյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը և ուշագրավ փաստեր՝ Լազարյան ճեմարանի  շենքում կայացած հայ մեծանուն կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի և Արամ Խաչատրյանի հանդիպման մասին:

Թեմայի շրջանակում տեսազեկույցով հանդես է եկել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Նրան շնորհվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան Մշակութային կենտրոնի պատվավոր հուշամեդալ՝ հայ և ռուսական մշակութային ժառանգության պահպանման գործում մեծ ներդրման համար: Տուն-թանգարանի ցուցադրությունների և կրթական ծրագրերի բաժնի վարիչ Ինեսսա Խաչատրյանը և կրթական ծրագրերի պատասխանատու Աննա Քոչարյանը, ինչպես նաև Խաչատրյան եռյակի երաժիշտներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը, Կարեն Քոչարյանն արժանացել են դիպլոմների:

Օրվա շրջանակում տեղի է ունեցել նաև համերգ. ելույթ է ունեցել Խաչատրյանի անվան եռյակը՝ կատարելով Ա. Սպենդիարյանի և Ա. Խաչատրյանի ստեղծագործություններից:

Միջոցառումը կազմակերպվել էր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և ՌԴ-ում ՀՀ դեսպանատան Մշակութային կենտրոնի համագործակցությամբ (ղեկավար՝ Վլադիմիր Գաբբե): 

Ներկա էին դիվանագիտական ներկայացուցչության անդամներ, արվեստի և մշակույթի անվանի գործիչներ, մտավորականներ, գործընկեր թանգարանների տնօրեններ և այլք:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©