Պատերազմը կշարունակվի նաև ձմռանը. Զելենսկի

ՔՔրիստինե Ոսկանյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում բանակցություններից հետո ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Կիևում հանդիպել են նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Տեղի է ունեցել բանակցությունների երեք փուլ, որոնցից վերջինին մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները: Տարաձայնությունների գլխավոր թեման մնում է տարածքային հարցը: «Դա շատ բարդ խնդիր է, բայց մենք կփորձենք լուծում գտնել»,- ասել է Քուշները: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը նպատակ ունի ոչ միայն դադարեցնել մարտերը, այլև հասնել համաձայնության, որը կհանգեցնի երկարատև խաղաղության:

Ուիթքոֆն իր հերթին նշել է՝ Մոսկվայում հասել են զգալ առաջընթացի, լսել են նոր գաղափարներ, որոնք այնուհետև քննարկվել են Կիևում: Միևնույն ժամանակ, ըստ ամերիկյան կողմի, Վաշինգտոնը ցանկանում է վերադառնալ բանակցությունների եռակողմ ձևաչափի՝ Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ:

Ամերիկյան բանագնացների հետ հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին կարծիք է հայտնել, որ պատերազմը կշարունակվի նաև ձմռանը: Այս համատեքստում քննարկվել է աջակցության ձմեռային փաթեթի անհրաժեշտությունը, որը կներառի հակաօդային պաշտպանության և էներգետիկ ենթակառուցվածքի հետ կապված կարիքները: Անդրադարձ է եղել նաև անվտանգության երաշխիքներին: Միևնույն ժամանակ, Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան ուժեղացել է մարտի դաշտում, ինչը նրան հնարավորություն է տալիս ավելի վստահ լինել բանակցություններում: Նա ևս մեկ անգամ նշել է, որ տարածքներին առնչվող բարդ հարցերը կարող են լուծվել միայն ղեկավարների մակարդակով:

Իր հերթին, Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպումից հետո հաստատել է ամերիկյան կողմի հետ աշխատանքը շարունակելու մտադրությունը:

Բանակցությունների օրերի ընթացքում, ըստ ղեկավարների հրահանգի, Կիևում և Մոսկվայում հարվածներ չեն գրանցվել, սակայն եղել են հարձակումներ մայրաքաղաքներից դուրս: Այս գիշեր ևս փոխադարձ հարվածների հետևանքով երկու կողմում էլ կան ավերածություններ:

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում