Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ Հռոմի Կիջի պալատում

ԼԼիլիթ Սեդրակյան

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հռոմում բարձր մակարդակի բանակցություններ է ունեցել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ։

Հայաստանի և Իտալիայի վարչապետների հանդիպումը կայացել է Հռոմի Կիջի պալատում՝ Իտալիայի վարչապետի պաշտոնական նստավայրում։ Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն. Իտալիայի վարչապետը դիմավորել է Հայաստանի վարչապետին, պատվո պահակախմբի ղեկավարի ողջույնից հետո հնչել են Հայաստանի և Իտալիայի Հանրապետությունների օրհներգերը, տեղի է ունեցել ստուգայց, երկու երկրների վարչապետները փոխադարձաբար ներկայացրել են պաշտոնական պատվիրակությունների անդամներին։

Հաջորդիվ կայացել է Հայաստանի և Իտալիայի վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ջուզեպպե Կոնտեն քննարկել են հայ-իտալական հարաբերությունների ընթացքը և զարգացման հեռանկարները։

Առանձնազրույցին հաջորդած լայն կազմով բանակցություններին Հայաստանի և Իտալիայի վարչապետներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի։ Իտալիայի վարչապետն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական օրակարգին՝ ընդգծելով, որ օրենքի գերակայության,

արդարադատության բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում Իտալիան պատրաստ է հնարավորինս սերտ համագործակցել Հայաստանի հետ և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն։

Շնորհակալություն հայտնելով նման պատրաստակամության և Իտալիայի արդեն իսկ շոշափելի մասնակցության համար հատկապես հակակոռուպցիոն հանձնաժողովի ձևավորման հարցում՝ Հայաստանի վարչապետը նաև ընդգծել է իտալական ընկերությունների ակտիվ մասնակցությունը տնտեսական գործունեության մեջ։ Նիկոլ

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ նման նախաձեռնությունները շարունակական են լինելու, և Հայաստանի Կառավարությունը մտադիր է ամեն կերպ նպաստել ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Հայաստանի վարչապետը գոհունակություն է հայտնել վիզաների ազատականացման ուղղությամբ ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցում Իտալիայի դիրքորոշման կապակցությամբ՝ ներկայացնելով Հայաստանում բարելավվող միգրացիոն պատկերը։

Նիկոլ Փաշինյանը և Ջուզեպպե Կոնտեն գոհունակություն են հայտնել նաև հայ-իտալական մշակութային և կրթական համագործակցության կապակցությամբ, արձանագրել երկու երկրների համալսարանների միջև փոխանակման ծրագրերի արդյունավետությունը։ Մշակութային կապերի սերտացման համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է հնագիտության ոլորտում Իտալիայի հետ հարուստ փորձի փոխանակումը։

Հայաստանի և Իտալիայի կառավարությունների ղեկավարները ծավալուն քննարկում են ունեցել միջազգային անվտանգության արդի հարցերի, Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից այնտեղ իրականացվող մարդասիրական առաքելությունը։ Կողմերը համադրել են իրենց դիրքորոշումները Սիրիայում կայունության վերականգնման հարցում։ Հայաստանի և Իտալիայի վարչապետներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել ԵՄ-Իրան, Հայաստան-Իրան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ։ Երկու երկրների վարչապետները կարևորվել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում համագործակցությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին հրավիրել է պաշտոնական այց կատարելու Հայաստան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում