Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել

Եվրոպական խորհրդարանը 476 կողմ, 47 դեմ և 48 ձեռնպահ ձայներով ընդունել է «Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության» բանաձևը, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։

Փաստաթուղթն աջակցում է 2026 թ. հունիսին Հայաստանում ազատ, արդար և խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ ընդգծելով, որ ընտրությունների արդյունքները պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Ընդգծվում է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման, ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտությունը։

Եվրապատգամավորները ողջունում են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և բարեփոխումներին։ Դրական է գնահատվում Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ առաջընթացը, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը և «Դիմակայունության ու աճի» ծրագրի իրականացումը։

Բանաձևը նաև դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում։ Կոչ է արվում ավելացնել ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցությունը Հայաստանին:

Բացի այդ, փաստաթուղթն աջակցություն է հայտնում Հայաստան-Թուրքիա կարգավորմանը:

Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարում։

Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©