ԳԳոհար Սարգսյան

Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի․ Թեհրանը 10 կետանոց առաջարկ է ներկայացրել

Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի․ Թեհրանը 10 կետանոց առաջարկ է ներկայացրել

Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։

«Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ զրույցներից հետո... ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա կլինի երկկողմանի հրադադար», - գրել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ Իրանը համաձայնել է երաշխավորել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը։ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգներն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է ծառայել որպես բանակցությունների աշխատանքային հիմք։

«Միացյալ Նահանգների և Իրանի միջև նախկինում առկա անհամաձայնությունների գրեթե բոլոր կետերի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել, սակայն երկշաբաթյա ժամանակահատվածը թույլ կտա վերջնականապես հաստատել և պաշտոնականացնել համաձայնագիրը», - հավելել է նա։

«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և  երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», - ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ վճռականորեն կպատասխանի, եթե Վաշինգտոնը կատարի իր սպառնալիքները։

ԱՄՆ վերջնագրից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ն անընդունելի էր համարել Իրանի ամբողջ ժողովրդին ուղղված սպառնալիքները։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը դիմել է Միացյալ Նահանգներին և Իրանին՝ հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման հույսով։

Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էր  երկու շաբաթով երկարաձգել Իրանին տրված վերջնագիրը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում