Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները նշել են իրենց մասնագիտական տոնը

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, որը շնորհավորել է Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ և ներկայացրել նախորդ տարում Ազգային անվտանգության ծառայողների միասնական աշխատանքի առավել նշանակալի արդյունքները՝ ըստ գործունեության հիմնական ուղղությունների: ԱԱԾ տնօրենը նշել է, որ Ծառայությունում 2024 թվականի նոյեմբերից նախաձեռնվել է լայնածավալ գործընթաց համակարգային բարեփոխումների ուղղությամբ։ Այս աշխատանքներն առավել համակարգված և նպատակային իրականացնելու համար մշակվում է նաև Ազգային անվտանգության մարմիններում բարեփոխումների ռազմավարական ծրագիր:

«Ազգային անվտանգության ծառայության հեռանկարային զարգացման բարեփոխումների իրականացման շրջանակներում շարունակվել են աշխատանքները ծառայության գործունեությունը կանոնակարգող նորմատիվ և ներքին իրավական ակտերի համակարգը կատարելագործելու ուղղությամբ:  Դեռևս 2023 թվականից Ծառայությունում անցկացվում է ատեստավորման գործընթաց, որի արդյունքում զինծառայողները հնարավորություն են ստացել բարելավելու իրենց մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև՝ նյութական վիճակը»,- իր խոսքում ասել է Ա. Աբազյանը:

Ամփոփելով 2024 թ․ ընթացքում Ազգային անվտանգության մարմինների հիմնական ստորաբաժանումների կատարած աշխատանքները՝ ԱԱԾ տնօրենը փաստել է, որ արձանագրված դրական արդյունքներն ամենևին չեն նշանակում, որ չկան բացթողումներ և թերացումներ, ինչի ուղղությամբ իրականացվում է ամենօրյա հետևողական աշխատանք:

ԱԱԾ տնօրենն անդրադարձել է նաև պետական սահմանի պահպանությանը և նշել, որ նախորդ տարվա օգոստոսի 1-ից «Զվարթնոց», իսկ դեկտեմբերի 30-ից նաև «Ագարակ» անցման կետերում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացվում է միայն Սահմանապահ զորքերի ուժերով:
«Սահմանազատման արդյունքում ՍԶ-ի կողմից պետական սահմանի պահպանություն է իրականացվում նաև Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս և Բերքաբեր հատվածներում: Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանի պահպանվող տեղամասում շահագործման է հանձնվել 2 սահմանապահ ուղեկալ, ավարտական փուլում են գտնվում 4 ուղեկալների և 1 պարետատան կառուցման աշխատանքները»,- իր խոսքում ասել է ԱԱԾ տնօրենը:

Մասնագիտական տոնի կապակցությամբ Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նշել է, որ 2024-ին նույնպես Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրը, իսկ Ծառայությունում կատարված փոփոխությունները շատ էական են ժողովրդավարական հասարակության մեջ հատուկ ծառայությունների գործունեության տրամաբանության առումով: 

«Պիտի ընդգծեմ, որ, իսկապես, 2024-ին Ազգային անվտանգության ծառայությունն իր գործողություններով և գործունեությամբ միանշանակ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը և համոզվածությունը, որ մենք ամեն տարվա հետ ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը»,- իր խոսքում ասել է Ն. Փաշինյանը:

Մասնագիտական տոնի առթիվ ԱԱԾ մի շարք աշխատակիցներ հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը, տեղակալները, գլխավոր վարչությունների ղեկավարները և Սահմանապահ զորքերի հրամանատարը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված և հերոսացած սահմանապահների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում