Աշխարհն արձագանքել է ՌԴ և Արևմուտքի միջև բանտարկյալների փոխանակմանը

ԳԳոհար Սարգսյան

Աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ, միջազգային կառույցներ ողջունել են Արևմուտքի և Ռուսաստանի միջև կալանավորների փոխանակումը: «Ողջունում եմ Եվրամիության և ԱՄՆ-ի անմեղ քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանում գերության մեջ գտնվող ազնիվ ռուս դեմոկրատների ազատ արձակումը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Ողջունելով գործարքը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ քաղբանտարկյալները և անարդարացիորեն ռուսական և բելառուսական բանտերում պահվող մյուս բոլոր անձինք նույնպես պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։

Ավելի վաղ Անկարայի միջազգային օդանավակայանում Արևմուտքի և Ռուսաստանի միջև կալանավորների փոխանակում է տեղի ունեցել: Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Նորվեգիան, Սլովենիան, Բելառուսը և Լեհաստանը փոխանակել են գերիների: Սա իր տեսակի մեջ ամենախոշոր փոխանակումն է Սառը պատերազմի ավարտից ի վեր:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ռուսական բանտերից ազատ է արձակվել 16 բանտարկյալ։ Փոխանակման մեջ ներգրավված յոթ երկիր ընդհանուր առմամբ ազատ է արձակել 24 բանտարկյալի։

ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է նաև, որ փոխանակվողների մեջ եղել է նաև երկու անչափահաս: Ռուսաստանը բաց է թողել Wall Streeet Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին և նախկին ծովային Փոլ Ուիլանին, որոնք դատապարտվել էին լրտեսության համար, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևային, որն ԱՄՆ-ի և ՌԴ-ի երկքաղաքացիություն ունի։ Ռուսաստանը բաց է թողել նաև պետական դավաճանության համար դատապարտված հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզային:

Գերմանացի Ռիկո Կրիգերը, որը Բելառուսում դատապարտվել էր մահապատժի՝ լրտեսության համար, նույնպես ազատ է արձակվել:

Ռուսաստան վերադարձողների թվում է Վադիմ Կրասիկովը, որը Գերմանիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ չեչեն գրոհայինների ղեկավարներից մեկի սպանության համար:

Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում