Արարատ Միրզոյանն ու Դեյվիդ Լամին քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներ

ԱԱնժելիկա Ժամհարյան

Նոյեմբերի 14-ին Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով ստվերային պետնախարար Դեյվիդ Լամիի հետ:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՄԹ երկկողմ օրակարգային հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ռազմավարական երկխոսության մեկնարկի կապակցությամբ։ Մտքեր են փոխանակվել տարբեր բնագավառներում ՀՀ-ի և ՄԹ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ Արարատ Միրզոյանն արժևորել է բրիտանական կողմի շարունակական աջակցությունը Հայաստանում արդյունավետ կառավարման և ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: 

Արարատ Միրզոյանի և Դեյվիդ Լամիի ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

ՀՀ ԱԳ նախարարը Դեյվիդ Լամիին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը, հայկական կողմի տեսլականը և Գրանադայում ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ հանդիպումից հետո ընդունված հայտարարությանը միջազգային մյուս գործընկերների կողմից աջակցության արտահայտման կարևորությունը։

Տարածաշրջանում կապուղիների ապաշրջափակման համատեքստում, նաև որպես խաղաղության օրակարգի բաղկացուցիչ մաս, Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:     

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման, ուժի շարունակական կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակին, ԼՂ-ից 100 հազարից ավելի բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող միջոցառումներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում