Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Ապարանում 2 խարխլված շենքի փոխարեն նորն է կառուցվել, բայց 8 ամիս է՝ բնակարանները չեն բաշխվում

ԱԱնուշ Մուրադյան

Ապարանում վթարային երկու շենքի բնակիչների համար կառուցված շենքը պատրաստ է, սակայն ութ ամիս է՝ բնակարանները չեն բաշխվում նրանց: Կառավարության որոշումն արդեն կա, տեղում սպասում են, որ Սոցիալական հարցերի նախարարության բալանսից հանձնեն համայնքին: Բացի վթարայինից, այստեղ տուն կստանա նաև խիստ կարիքավոր մի քանի ընտանիք:

Ապարանում գտնվող 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող այս շենքում մարդիկ սարսափով են ապրում: Սա ու բազմաբնակարան ևս մեկ այսպիսի շենք, որոնք վտանգավոր են կյանքի համար, շուտով կապամոտաժվեն:

Բաղրամյան 43 և Նժդեհի 7 հասցեների շենքերը երկար տարիներ է՝ ինչ խարխլված են: Ովքեր կարողացել են՝ կյանքն ապահովագրելու համար բնակության այլ վայրեր են գտել: Այդ հնարավորությունը չունեցողներն էլ մնացել են, բայց ահը սրտներում՝ շենքը քանդվելու վտանգն ամեն վայրկյան աչքի առաջ ունենալով: Կառույցը կարող է ցնցվել նույնիսկ մոտակա ճանապարհով ծանր ավտոմեքենաների երթևեկությունից:

Գայանե Ստեփանյան (Ապարանի Բաղրամյան 43 շենքի բնակիչ) - Սա աղետ է մեր գլխին: Թեթև ցնցում լինելու դեպքում էս շենքը նստելու է մեզ վրա: Աղոթելով քնում, աղոթելով արթնանում ենք, ամենայն անկեղծությամբ, դուք հավատացեք, ասում եմ` փառք Տիրոջը, որ էսօր լույսը բացվեց մեր գլխին:

Անահիտ Ստեփանյանը մեզ ուղեկցում է հարևանի բնակարան: Եթե շենքում ոմանք կարողացել են գոնե փոքր-ինչ ծածկել ճաքերը, նրանք այդ հնարավորությունն էլ չեն ունեցել: Տեղափոխվել են Երևան, աշխատանք ու վարձով բնակարան գտել:

Անահիտ Ստեփանյան (Ապարանի Բաղրամյան 43 շենքի բնակիչ) -  Էս տան բնակիչները, նայելով էս պատերին, ուղղակի սարսափահար հեռացել են էստեղից, որովհետև օր առաջ ուզում էին փախչել, որովհետև իրոք անհնար էր:

Երկու շենքերի փոխարեն կառուցվել է նորը:

Հակոբ Ստեփանյան (Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության, ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ) - Շենքում կա 43 բնակարան: 16 հատ  մեկսենյականոց, 14 հատ՝ երկուսենյականոց, 12 հատ՝ երեքսենյականոց, 1 հատ՝ չորսսենյականոց բնակարան: Բաղրամյան 43 շենքում շահառու 31 ընտանիք կա, իսկ Գարեգին Նժդեհի շենքում՝ 7-ը: Այսինքն՝ 38 բնակարան վթարային շենքերի բնակիչների համար է նախատեսված:

Մնացած 5 բնակարաններից 2-ը նախատեսված են 88-ի երկրաշարժից հետո տնակում ապրող ընտանիքների համար, 3-ը՝ հաշմանդամություն ունեցող կամ զոհված զինծառայողների ընտանիքների: Լրացուցիչ 3 բնակարանների բաշխման վերաբերյալ Ապարանի բնակիչների շրջանում որոշակի դժգոհություն կա: Անապահովները շատ են, բնակարանի կարիք ունեցողները՝ նույնպես: Մարզպետարանի պաշտոնյան վստահեցնում է՝ արդարությունը կարևորվել է, և ընտրվածներն ամենակարիքավորներն են, որոնց նկատմամբ պետությունը նաև պարտավորություններ ուներ:

Շինարարությունը սկսվել է 2016 թվականին՝ ծրագրի՝ 870 մլն դրամ ընդհանուր արժեքով: Աշխատանքներն ավարտվել են այս տարվա հունվարին՝ փաստորեն տևելով 6 տարի:

Հակոբ Ստեփանյան - Օրինակ՝ 16 թվականին հատկացվել է 62 մլն, պատկերացնո՞ւմ եք՝ 870 մլն-ից 62: Երևի բյուջեի հնարավորություններից ելնելով՝ էդքան են հատկացրել: Հաջորդ տարի մոտավորապես 70 միլիոն էր, ինչքան հիշում եմ, դրանից հետո մի տարի ընդունման-հանձնման աշխատանքները ձգձգվեցին: Չնայած մրցույթը կայացավ, պայմանագիր կնքվեց կապալառուի հետ, ուղղակի եկավ արդեն դեկտեմբերը, դրա համար պայմանագիրը լուծարվեց: Արդեն մրցույթը հայտարարում է Քաղաքաշինության կոմիտեն: Քաղաքաշինության կոմիտեն հայտարարեց, ու միանգամից նույն շինարարը մինչև վերջ հասցրեց:

Բնակարանների ներսը նկարահանել մեզ չհաջողվեց: Դռները կողպված էին, պահակը՝ երկրից դուրս: Հակոբ Ստեփանյանն ասաց՝ բոլոր բնակարանները վերանորոգված են, կա անհատական ջեռուցման համակարգ:

Հրաշալի շենք է, կարծում եմ՝ բնակիչները շատ ուրախ կլինեն:

Ի դեպ, այն հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց: Եվ չնայած արդեն 8 ամիս է՝ շենքը պատրաստ է, բնակարանները դեռ չեն բաշխվել:

Գայանե Ստեփանյան - Ինչ են մտածում՝ շենքը արդեն կառուցված է, շենքը կա, ի՛նչն է պատճառը, որ մեզ չեն տալիս: Մենք չգիտենք:

Գարեգին Նժդեհի 36 հասցեում նոր բնակարանների բաշխման մասին Կառավարության որոշման նախագիծը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է դրել հուլիսի 20-ին: Ավարտը նախատեսված է օգոստոսի 7-ին:

Արկադի Կարապետյան (Ապարան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ) - Փաստացի համայնքին չի հանձնվել դեռ մինչև էսօր: Սոցապնախարարության բալանսում է ոնց որ ասած, բայց գրանցում էլ դեռ չի ստացել: Կառավարության որոշումն է ուշանում՝ հանձնել արդեն շենքը համայնքին, որպեսզի համայնքը կարողանա բաշխել բնակիչներին: Իսկ բնակիչների բողոքը տեղին է, քանի որ շենքերը արդեն քանդման եզրին են:

Եթե բնակիչների մի մասը անհամբեր սպասում է տեղափոխվելուն, կան մարդիկ, որոնք դա չեն ուզում: Կարապետ Պապիկյանն ասում է՝ ինչպես հիմա են 6 հոգով ապրում 40 քմ բնակարանում, նույնքան մակերես էլ առաջարկվում է նոր բնակարանում: Պնդում է՝ ի սկզբանե նախատեսվել է, որ կառուցվելիք շենքում բնակարանները կտրամադրվեն ըստ անձերի քանակի: Քաղաքապետարանում, ըստ նրա, տան անդամների վերաբերյալ տեղեկանքներ են պահանջել, խոստացել, որ բնակարանային պայմանների բարելավում կլինի: Բացի այդ, հիմա կենտրոնում են ապրում, նոր շենքը քաղաքի ծայրամասում է:

Կարապետ Պապիկյան (Ապարանի Բաղրամյան 43 շենքի բնակիչ) - Թող նրա վրա ինչքան փող ծախսել են, մեր մակերեսի չափով էն ծախսած փողով մեզ փող վճարեն: Էդ շենքը թող տան ուրիշի:

Հիմնավորելու համար, որ բարելավում խոստացվել է, վկայակոչում է Քաղաքաշինության կոմիտեի կայքի տեղեկությունը, ըստ որի՝ շենքը կառուցվում է Բաղրամյան 43 հասցեի վթարային շենքի փոխարեն: Կայքում այլ մանրամասներ չկան: Կոմիտեից հաստատում են՝ ծրագիրն այդպես է կոչվում, բայց թե ում ու ինչպես կբաշխվեն նոր բնակարանները, պատասխանատուն իրենք չեն: Ապարանի քաղաքապետի տեղակալը վստահեցնում է՝ անձերի թվով բաշխում նախատեսված չի եղել: Ինչ վերաբերում է նորակառույց շենքում բնակարանների բաշխման ու հատկացման մասին հրապարակված նախագիծն այսքան ձգձգվելուն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանում են՝ դա պայմանավորված է եղել միջգերատեսչական քննարկումներով:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում