Թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել. Մատենադարանի տնօրեն է ընտրվել փոխնախարար Խզմալյանը

ԼԼիլիթ Ասատրյան

Արա Խզմալյանը՝ Մատենադարանի նոր տնօրեն: Հոգաբարձուների խորհրդի դռնփակ նիստից հետո միաձայն քվեարկության արդյունքները հրապարակեց նույն խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյան (Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար) - Քվեարկվել են երկու թեկնածություններ, ընտրվել է պարոն Խզմալյանը՝ 13 կողմ ձայնով:

Փոխնախարար Արա Խզմալյանից բացի, Մատենադարանի տնօրենի պաշտոնի մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանն ու ավագ գիտաշխատող Արծրունի Սահակյանը: Վերջինս նիստի ընթացքում ինքնաբացարկ է հայտնել:

Արծրունի Սահակյան (Մատենադարանի տնօրենի թեկնածու, ավագ գիտաշխատող) - Հայտի ներկայացումը իմ կամքով չէր, այլ իմ թիմի, իմ համախոհների կամքով է եղել, ես պարտավոր էի այդ գիծը տանել առաջ, ներկայացնել հայտ, երկրորդը՝ հայտը հանելը, արդեն իմ կամքով էր, որովհետև ես հասա իմ նպատակին:

Իսկ նպատակն, ասում է, ոչ թե որպես թեկնածու քննվողի կարգավիճակում հայտնվելն էր, այլ Մատենադարանի վերաբերյալ մի փոքր դասախոսություն կարդալը:

Թեկնածուներից Կարեն Մաթևոսյանը լրագրողների հարցերին պատասխանել չցանկացավ: Արա Խզմալյանն էլ ասաց՝ Մատենադարանը համարում է Հայաստանի կարևորագույն կառույցը՝ ամենաբարձր տեղում:

Արա Խզմալյան (Մատենադարանի ընտրված տնօրեն) - Եթե այս չորս տարիներին փոխնախարարի պաշտոնում կառավարման փորձը մեր պատմության բարդագույն ժամանակաշրջանում չլիներ, ես թերևս ինձ թույլ չտայի մոտ գալ Մատենադարանին: Բայց ես ունեմ ծրագիր, ես օտար չեմ Մատենադարանին, եղել եմ Մատենատադարանի արխիվի և թանգարանի համակարգողը, իրականացրել եմ տարբեր միջազգային ծրագրեր, դրամաշնորհային ծրագրեր, որոնք կենսունակ են մինչև օրս անգամ:

Ասում է՝ գիտի Մատենադարանի խնդիրները և ամենայն սթափությամբ պատասխանատվություն է ստանձնել՝ անելու այն, ինչը համարում է, որ չի արվել: Զարգացման ծրագիրը կհրապարակվի և հնարավոր կլինի մանրամասն ծանոթանալ գիտական, կրթամշակութային, թանգարանային գործունեության, թվայնացման, ձեռագրերի վերականգնման ուղղությամբ անելիքներին:

Արա Խզմալյան - Առավել ևս, երբ նկատի ենք ունենում մեր շուրջը տարածվող մարտահրավերները, տեղեկատվական պատերազմը, որ վարվում է ՀՀ-ի դեմ, Մատենադարանը չի կարող կրավորական դիրքում լինել, պետք է լինի առաջամարտիկը, հնարավորինս շատ միջազգային հարթակներում դիրքավորված լինի, այսինքն՝ պետք է վերանայել Մատենադարանի ռազմավարական տեղը մեր երկրի կյանքում մեծ իմաստով:

Մատենադարանում վերջին շրջանում սկսված խմորումներին նորընտիր տնօրենը ըմբռնումով է մոտենում՝ յուրաքանչյուր փոփոխություն կարող է ալեկոծումներ ու հարցեր առաջ բերել:

Արա Խզմալյան - Ցավում եմ, որ վերջին շրջանում Մատենադարանը հաճախ է հայտնվում դեղին մամուլի էջերում: Պետք է ամեն ինչ անել, այդ թվում` մեր ավագ, պատկառելի գիտնականների աջակցությամբ, որ Մատենադարանը երբևէ չդառնա դեղին մամուլի քննարկման առարկա, որովհետև նորից եմ ասում` Մատենադարանը խոնարհության, լուռ աշխատանքի միջավայր է:

Մատենադարանում դժգոհությունները կապված էին Հոգաբարձուների խորհրդում ընտրված ներկայացուցիչներ չունենալու հետ: Համարում էին, որ այդպիսով գիտահետազոտական հաստատությունը զրկվում է ինքնուրույնությունից: Նախարար Անդրեասյանը չի կարծում, թե դրանք փոխկապակցված են:

Ժաննա Անդրեասյան - Մատենադարանը ունի գիտական խորհուրդ, որը կարևորագույն օղակներից է և ամբողջությամբ Մատենադարանի գիտաշխատողների և գիտնականների կարծիքը արտահայտելու հարթակն է, ունի արհմիություն, որը աշխատակիցների շահերի և իրավունքների ապահովման օղակն է, և պետք է պարզ պատկերացնենք, թե որ օղակը ինչ խնդիր է լուծում:

Հոգաբարձուների խորհուրդն, ըստ նրա, առաջին հերթին ռազմավարական լուծումներ, պետական աջակցություն և հոգածություն ապահովելու, այդ մակարդակում որոշումներ կայացնելու համար է, որտեղ Մատենադարանի երկու ներկայացուցիչ ունենալը ավելի քան տրամաբանական է:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում