Հնարավոր է՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցչի աշխատավարձը հաջորդ շրջափուլում ևս կրկնակի դառնա

ԼԼիլիթ Ասատրյան

Ուսուցիչների կամավոր ատեստավորամանը մասնակցելու համար դիմելու վերջնաժամկետը հուլիսի 15-ն է: Առայժմ ստացվել է շուրջ 5 հազար հայտ: Դա ուսուցիչների ընդհանուր թվի մոտ 13 տոկոսն է: Գործընթացի վերաբերյալ ասուլիսին ԿԳՄՍ փոխնախարարի հետ հրավիրված էին մաթեմատիկա դասավանդող երկու մանկավարժ, որոնք արդեն անցել են ատեստավորումը, գրանցել բարձր արդյունքներ: Երկուսն էլ կամավոր ատեստավորումն ընդհանուր առմամբ համարում են դրական՝ գնահատվում է շարունակաբար մասնագիտական աճ ունեցած ուսուցիչը, վարձատրության քարացած չափանիշները փոխվում են, շատերը սկսել են աշխատել գիտելիքը հարստացնելու ուղղությամբ: Բայց գործընթացն, ըստ նրանց, շտկումների կարիք ունի:

Նաիրա Կոսյան (ուսուցչուհի) - Եթե մենք 60 առաջադրանք ենք ընդգրկում, իհարկե, առաջին տարին ավելի շատ էր՝ 80, որպես մաթեմատիկայի մասնագետ` գտնում եմ, որ, սիմվոլիկ մի թիվ ասեմ՝ 20 առաջադրանքը, եթե խելամիտ կազմվի, բավարար է, որ մասնագետի կարողությունները վեր հանվեն:

Կարծում է՝ այդպիսով ուսուցիչը քննական երեք ժամում կհասցնի ոչ միայն թեստային առաջադրանքները կատարել, այլև ստուգել դրանք:

Նաիրա Կոսյան - Գրեթե բոլոր օրինակները լուծել էի, բայց տեխնիկական պատճառներով /երևի թե արդեն տարիքային է, և բնականաբար, տեխնիկական պատճառով` ճիշտ պատասխանը սխալ հարցի տակ նշել և այլն, դա արդեն բերում է մի փոքր ոչ օբյեկտիվ պատկեր:

Տիգրան Սարդարյան (ուսուցիչ) - Գուցե վերջին տարիների ընթացքում միակ ծրագիրն էր, որ ուսուցչի աշխատավարձը զգալի բարձրացնում է: Շատ ոգևորիչ է շատ ուսուցչների համար, որովետև գրեթե կրկնակի դրույքաչափն է բարձրանում՝ 200 հազար դրամ, գումարած 50 տոկոս հավելավճար...: Բայց ցավով պետք է նշեմ, որ էս ծրագիրը դեռ շատ կատարելագործվելու կարիք ունի:

Մանրամասնում է՝ եթե ուսուցչին բարձր աշխատավարձ վճարելու նպատակը որոշ չափով կարելի է համարել իրագործված, նույնը չի վերաբերում կրթության որակը բարձրացնելուն, երիտասարդ կադրերի համար դպրոցը գրավիչ դարձնելուն: Մաթեմատիկայի ուսուցչի գնահատմամբ` իր պոտենցիալ գործընկերները նախընտրում են 150-200 հազար դրամով որևէ բանկում աշխատել՝ վեց ամիսը մեկ աշխատավարձը բարձրանալու հեռանկարով: Դպրոցում սերնդափոխությունն ապահովելու համար, ըստ նրա, ուսուցչի աշխատավարձը պետք է բարձրացնել շեշտակի և առանց նախապայմանների: Փոխնախարար Արաքիա Սվաջյանը, սակայն, համամիտ չէ առանց մասնագիտական կարողությունների հարցում վստահ լինելու` աշխատավարձը բարձրացնելու առաջարկին:

Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ինչ վերաբերում է ուսուցիչների խրախուսմանը, ապա այստեղ համաձայն եմ, որ մենք պիտի շարունակաբար ստեղծենք ուսուցչական աշխատանքը և պոտենցիալ ուսուցիչների համար այդ աշխատանքը հետաքրքրական դարձնելու տարբեր ճանապարհներ, և կարծում ենք` կամավոր ատեստավորման գործընթացը ևս այդ ճանապարհներից մեկն է: 

Համեմատաբար ցածր արդյունք գրանցած ուսուցիչը կարող է նորից դիմել՝ հավելավճարը առավելագույնին հասցնելու համար: Բացի այդ, այս տարվանից ատեստավորմանը մասնակցելու իրավունք ունեն նաև չաշխատող մանկավարժները: Այսինքն՝ կարող են դպրոց մտնել միանգամից բարձր աշխատավարձով:

Արաքսիա Սվաջյան - Քննարկում ենք նաև 2026 թվականից հետո, երբ որ 22 թվականին մասնակցած ուսուցիչների հնգամյա շրջափուլը կլրանա և իրենք նորից պիտի գնան կամավոր ատեստավորման, հաջորդ փուլում եւս մեկ անգամ կրկնակի բարձրացնելու հնարավորություն տանք այդ ուսուցիչներին:

Ատեստավորման 5-րդ տարին լրանալուց հետո դրական արդյունքներով նոր ատեստավորումը կարող է նշանակել 400 հազար դրամ՝ մեկ դրույքի համար, գումարած՝ հավելավճար՝ դրա մինչև 50 տոկոսի չափով: Թեստային առաջադրանքների մասին էլ Արաքսիա Սվաջյանն ասաց՝ նախորդ տարիների փորձը հաշվի առնելով` կարևորել են, որ բոլոր առարկաների թեստերն ունենան համաչափ բարդություն:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում